211652_close_icon
views-count310 դիտում article-date 18:50 15-12-2015

Գալուստ Սահակյանն ընդունել է Կորեայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պակ Նո Փյոկին: Ողջունելով նորանշանակ դեսպանին` Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք` հույս հայտնելով, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների խորհրդարանական կապերի խորացմանը: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կորեայի Հանրապետությանը 2011 թվականին ԱԺ լիագումար նիստերի դահլիճի տեխնիկական վերազինմանն աջակցելու համար: Գալուստ Սահակյանն իր երախտագիտությունն է հայտնել Կորեայի Հանրապետության խորհրդարանի ընդունելությունների սրահում Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին նվիրված ցուցադրության համար: ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայ-կորեական միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը եւ խորացմանը: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է նաեւ Կորեայի հետ առեւտրատնտեսական, մշակութային, կրթության ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը: Պակ Նո Փյոկը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ կանի ամենը միջպետական հարաբերությունները զարգացնելու եւ խթանելու համար:Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ դեսպանը նշել է, որ Կորեայի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում: Դեսպանը եւս կարեւորելով մշակույթի ու կրթության ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը՝ հույս է հայտնել, որ 2014 թվականի հուլիսի 4-ին Սեուլում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կորեայի Հանրապետության կառավարության միջեւ մշակույթի, սպորտի եւ կրթության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը Հայաստանի խորհրդարանը կվավերացնի: Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Կորեայի Հանրապետությանը Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի շուրջ հավասարակշիռ դիրքորոշում ունենալու համար: Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի փոխայցերը եւ միջազգային խորհրդարանական հարթակներում փոխգործակցությունը:

Նմանատիպ նյութեր