ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպում ունեցավ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանի նախագահ Մարս Դի Բարթոլոմեոյի հետ
Դեկտեմբերի 14-ին Լյուքսեմբուրգում տեղի ունեցավ ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի հանդիպումը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանի նախագահ Մարս Դի Բարթոլոմեոյի հետ:
Երախտիքի խոսք ուղղելով լյուքսեմբուրգյան կողմին` դեսպան Մարգարյանը նշեց, որ այս տարվա մայիսի 6-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունմամբ Լյուքսեմբուրգի խորհրդարանն իր արժեքավոր ներդրումն ունեցավ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում և ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջազգային պայքարում:
ՀՀ դեսպանն անդրադարձավ նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքին, տարածաշրջանային արդի հարցերի: Զրուցակցի խնդրանքով Թաթուլ Մարգարյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Հանդիպմանը կողմերը մտքեր փոխանակեցին հայ-լյուքսեմբուրգյան երկկողմ հարաբերությունների ներկա իրավիճակի, դրանց զարգացման, միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման, տարբեր եվրոպական և միջազգային կառույցներում համագործակցության խորացման ուղիների վերաբերյալ: Քննարկվեցին նաև գործարար կապերի ակտիվացմանն ուղղված քայլեր, մասնավորապես` տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում գործակցության ծավալման հնարավորությունները: