211652_close_icon
views-count938 դիտում article-date 13:05 10-12-2015

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի մահվան կապակցությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձում ասվում է. «Սրտի խոր ցավով տեղեկացա փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի մահվան մասին: Գեորգ Բրուտյանն արդի հայ փիլիսոփայական մտքի մեծագույն դեմքն էր, ավանդույթ շարունակող ու ավանդույթ ստեղծող, տաղանդավոր գիտնական, ով տասնամյակներ շարունակ իր բեղմնավոր գործունեությամբ եւ ուրույն մտածողությամբ իրապես հարստացրեց եւ զարգացրեց համաշխարհային ու ազգային փիլիսոփայությունը: Այն, ինչ Գեորգ Բրուտյանի հոգում եւ մտքում էր, իր արտացոլումն էր գտնում նրա փիլիսոփայական անդադրում պրպտումներում, որոնք իմաստուն դիտարկումների եւ հիմնավոր փաստարկների միջոցով, աշխատությունների ու դասախոսությունների տեսքով դառնում էին գիտական ուղղություններ եւ մեթոդաբանական սկզբունքներ` ձեւավորելով միջազգային լայն ճանաչում ունեցող բրուտյանական փիլիսոփայական դպրոցը: Նրա մահը մեծ կորուստ է ոչ միայն մեր ժողովրդի, այլեւ համաշխարհային փիլիսոփայական հանրույթի համար: Անկեղծորեն ցավակցում եմ Գեորգ Բրուտյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու գործընկերներին եւ կիսում նրանց վիշտը»:

Նմանատիպ նյութեր