15084 դիտում
13:27 08-12-2015
Ես սա բազմիցս ասել ու դարձյալ կրկնում եմ. Մանվել Գրիգորյան
Սահմանադրական հանրաքվեի կայացման առիթով ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շնորհավորական խոսքը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ստորեւ.
«Ջերմորեն շնորհավորում եմ եռասերունդ Երկրապահ կամավորականների միությանը, երկրապահ հայ ազգին Սահմանադրության փոփոխությունների գործընթացը հաջողությամբ կազմակերպելու եւ տոնական մթնոլորտում անցկացնելու համար:
Հիրավի կատարվել է լուրջ քայլ` քայլ, որ նպաստելու է հայոց պետականության ամրապնդմանը, հայ ազգի դարավոր իղձերի իրականացմանը, հզոր Հայաստանի եւ բարեկեցիկ, պաշտպանված Արցախի կայացմանը: Մենք չենք մոռացել, որ 1989-ից մեկնել ենք Արցախ եւ մինչ օրս էլ Արցախում ենք, սահմանապահ հայ զինվորի կողքին ենք, Արցախի ժողովրդի, Արցախի անկախության կողքին ենք: Դրա համար էլ մենք գիտակցում ենք, որ մեր պարտավորությունները բազմապատիկ անգամ ավելի են:
Ես սա բազմիցս ասել ու դարձյալ կրկնում եմ:
Շնորհավորելով` նաեւ շնորհակալություն եմ հայտնում մեր ժողովրդին բարձր կազմակերպվածություն ցուցաբերելու համար: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր երկրապահներին` սկսած ԵԿՄ մարզային խորհուրդներից, տարածքային բաժանմունքներից, արտերկրի ներկայացուցչություններից մինչեւ անհատ առ անհատ մեր բոլոր անդամներին, ինչպես նաեւ գործընկեր կառույցներին, հատկապես՝ Երկրապահի հետ հուշագրեր ստորագրած կառույցներին: Երկրապահական եռասերունդ ընտանիքը հերթական անգամ արդարացրեց հույսերն ու սպասումները: Դո´ւք, սիրելի մարտընկերներ, երիտասարդ երկրապահներ, պատանի երկրապահների ծնողներ, արդարացրիք այն վստահությունը, որ ես ունեի ամենքիդ նկատմամբ: Ես հպարտորեն եւ առանց վարանելու կարող եմ հայտարարել, որ բոլոր երկրապահները` բոլորն անխտիր, կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, սիրելի՛ երկրապահներ, նույնիսկ նրանց, ովքեր, գաղափարական համոզմունքներից ելնելով՝ դեմ են քվեարկել փոփոխություններին։ Հատուկենտ այդպիսի ընկերներ էլ ունենք։ Սակայն, հստակ է, որ ոչ մի երկրապահ անտարբեր չի մնացել՝ բոլորը մասնակցել են համաժողովրդական քվեարկությանը։ Աստված պահապան ձեզ, ձեր ընտանիքներին, հարգելի´ իմ երկրապահներ:
Դեկտեմբերվեցյան նշանակալի իրադարձության կապակցությամբ ես շնորհավորում եմ զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկներին, մեր ծնողներին: Մենք ապագային միտված քայլ ենք կատարել ոչ միայն մեր սերնդի համար: Ժողովրդավարացման գործընթացին նպաստելով` նաեւ անցյալ ու գալիք սերունդների փոխարեն եւ հանուն անցյալ ու գալիք սերունդների ենք քայլ կատարել: Եվ այդ քայլը կատարել ենք ոչ թե որեւէ մի անձնավորության, որեւէ մի քաղաքական ուժի համար, այլ՝ ինքներս մեզ համար, մեր երկրում օրենքի, իրավունքի իշխանություն ունենալու համար, մեր երեխաների ու թոռների համար, ապագայի համար: Հայ ազգն ապացուցեց, որ միասնական է ու վճռական: Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունը հզոր ուժ է: Հայ ազգի նմանօրինակ միասնականությունը հետագա հաջողությունների գրավականն է: Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հայության ջանքերի մեկտեղմամբ հասնելու ենք բոլոր համազգային խնդիրների հայանպաստ լուծմանը։
Փա´ռք իմաստուն հայ ազգին:
Փա´ռք մեր հերոս նահատակներին եւ բախտորոշ պատերազմից հաղթանակով վերադարձածներին:
Փա´ռք հերոսներ ծնող հայոց հերոս մայրերին:
Երիցս փա´ռք աշխարհասփյուռ երկրապահ հայ ազգին:
Կեցցե´ հայոց պետականությունը, հավերժ փա´ռք Հայաստանի անկախ Հանրապետությանն ու հայկական Արցախ պետությանը»:
Նմանատիպ նյութեր
1444 դիտում
10:10 05-08-2024
Ասել եմ, կրկնում եմ՝ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ դուրս գալը չունի ոչ մի արդարացում. Գարիկ Ուրումյան
18067 դիտում
19:41 17-05-2016
Ո՞վ է մարտահրավեր նետել գեներալ Մանվել Գրիգորյանի խորհրդականին եւ ինչ են նրանք կրկնում
Այս բաժնից
751 դիտում
11:22 23-01-2025
Պատերազմում կային նաև գեղեցիկ դրվագներ. պատմում է արցախյան պատերազմի մասնակից Արմեն Գրիգորյանը. Iravaban.net