211652_close_icon
views-count5805 դիտում article-date 15:43 07-12-2015

Հասմիկ Տոլմաջյանը հանդես է եկել Ժնևի Վեբստեր համալսարանում տեղի է ունեցել «Մարդկության դեմ ոճիրների հարյուրամյակ» համաժողովում

Դեկտեմբերի 4-ին Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օրվա նախաշեմին, «Մարդկության դեմ ոճիրների հարյուրամյակ» ընդհանուր խորագրի ներքո Ժնևի Վեբստեր համալսարանում կազմակերպվեց համաժողով «Ինչո՞ւ Ցեղասպանություն. իրողություններ, պատասխաններ, հետևանքներ» թեմայով: Քննարկումներն ընթացան չորս հիմնական ուղղություններով՝ ցեղասպանության գաղափարախոսություն, ցեղասպանության կանխարգելում և պատժում, ցեղասպանությունների պատմական հարթություն և հետևանքներ, արդարություն և հաշտեցում: Համաժողովի բացման խոսքով հանդես եկավ Ժնևում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը: Նա նշեց, որ այս տարի առաջին անգամ ոգեկոչվում է Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օրը՝ հաստատված ՄԱԿ ԳԱ Ասամբլեայի բանաձևով՝ Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի կողմից ս/թ. մարտին ընդունված Ցեղասպանության կանխարգելման բանաձևի հիման վրա: Նա հիշեցրեց, որ ինչպես Ռաֆայել Լեմկինի կողմից ցեղասպանության եզրույթի ստեղծման, այնպես էլ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման միջազգային կոնվենցիայի մշակման հիմքում անմիջականորեն ընկած են Մեծ Եղեռնն ու Հոլոքոստը: Նա նշեց, որ բազմաթիվ ցեղասպանագետների կողմից Հայոց ցեղասպանությունը դիտվում է իբրև առաջին «ժամանակակից» ցեղասպանություն, որն իրագործվել է պետության կողմից՝ ատելության և սառը հաշվարկի համակցմամբ: Հասմիկ Տոլմաջյանն ընդգծեց, որ Ժնևում, Հայաստանի նախաձեռնությամբ, յոթ տասնյակից ավելի պետությունների համահեղինակությամբ ընդունված ցեղասպանության կանխարգելման բանաձևն ամրագրում է, որ անպաժելիությունն ու ժխտողականությունը խոչընդոտում են այդ ոճիրի կանխարգելման ջանքերին՝ միևնույն ժամանակ, թույլ չտալով խաղաղության հաստատմանն ու ժողովուրդների հաշտեցմանը: Նա հիշեցրեց, որ ժխտողականությունը, լինելով ցեղասպանության եզրափակիչ փուլը, ի հայտ է գալիս տարբեր դրսևորումներով: Նա վկայակոչեց Ցեղասպանությունների միջազգային Ասոցիացիայի նախագահ Ռ. Սմիթի խոսքերը, ըստ որի Հայոց ցեղասպանության ժխտողականության առանձնահատկությունն է, որ այն միակն է, ի տարբերություն Հոլոքոստի, որ պետական քաղաքականության անբաժան մաս է և արդեն շուրջ հարյուր տարի հետևողականորեն իրագործվում է թուրքական՝ միմյանց հաջորդող անխտիր բոլոր կառավարությունների կողմից՝ պետական իշխանության ողջ հզորությամբ և ռեսուրսներով: Համաժողովին ելույթներով հանդես եկան Ժնևում Ռուանդայի դեսպանը, Եվրոպայի խորհրդի մշտական ներկայացուցիչը, Բուդապեշտի՝ Ցեղասպանության և զանգվածային ոճիրների կանխարգելման կենտրոնի ղեկավարը, ինչպես նաև տասնյակ դասախոսներ, փորձագետներ:

Նմանատիպ նյութեր