Սաակաշվիլին խոստանում է վերադառնալ Վրաստան և հաղթել նախագահական ընտրություններում
Վրաստանի նախկին նախագահ, այժմ նաև՝ նախկին քաղաքացի և Օդեսայի գործող նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է, որ ամեն գնով կվերադառնա հայրենիք, չնայած նրան, որ դեկտեմբերի 4-ին իրենց զրկեցին Վրաստանի քաղաքացիությունից, հաղորդում է Interfax-ը:
Նա քաղաքացիությունից զրկվելու հարցում մեղադրել է միմիայն երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին:
«Այդ որոշումը, իհարկե, ընդունվել է ռուս օլիգարխ Իվանիշվիլիի կողմից: Նրա միակ նպատակը դեպի Վրաստանի ընտրություններ տանող ճանապարհն ինձ համար փակելն է»,-ասել է Սաակաշվիլին:
Նա հիշեցրել է, որ ժամանակին Իվանիշվիլին ունեցել է և Ֆրանսիայի, և Վրաստանի քաղաքացիություն և նույնիսկ Սահմանադրության մեջ են փոփոխություններ կատարվել, որոնք թույլ կտային ԵՄ քաղաքացուն մասնակցել Վրաստանի ընտրություններին: