975 դիտում
19:00 04-12-2015
Արդարադատության նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի հատուկ խորհրդականին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի երեխաների հարցերով հատուկ խորհրդական Սյուզան Ջեյքոբսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
Արդարադատության նախարարը բարձր է գնահատել երեխաների իրավունքների պաշտպանության հարցում Սյուզան Ջեյքոբսի ստանձնած առաքելությունը և կարևորել երկու երկրների միջև իրավական ոլորտում առկա համագործակցությունը: Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում անելիքները շատ են, և շարունակաբար պետք է կատարելագործել օրենսդրությունը: Այդ համատեքստում նախարարն անդրադարձել է ՀՀ ընտանեկան օրենսգրքում նախատեսվող փոփոխություններին՝ շեշտելով, որ դրանք ընդգրկելու են նաև UNICEF-ի և Save the Children կազմակերպության որդեգրած սկզբունքները: Արփինե Հովաննիսյանը նշել է, որ երեխայի իրավունքների լիարժեք պաշտպանության համար անհրաժեշտ է ճկուն օրենսդրություն, որն էլ կկարողանա ապահովել երեխայի լավագույն շահը:
ԱՄՆ պետքարտուղարի երեխաների հարցերով հատուկ խորհրդական Սյուզան Ջեյքոբսը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և ընդգծել նախատեսվող օրենսդրական նախաձեռնության կարևորությունը: Նա իր պատրաստակամությունն է հայտնել աշխատանքային խմբի ձևաչափով քննարկումներ և փոխադարձ այցեր կազմակերպելու հարցում՝ ուղղված լավագույն փորձի փոխանակմանն ու օրենսդրության արդյունավետ կիրարկմանը:
Դեսպան Ռիչարդ Միլսի խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղարությունում Երեխաների հարցերով հատուկ խորհրդականի առկայությունը փաստում է, թե ինչպիսի մեծ կարևորություն է տրվում աշխարհի բոլոր երեխաների համար լավագույն սննդապահովման, կրթական, առողջապահական հնարավորություններ տրամադրելու հարցին:
Դեսպանն արժևորել է ԱՄՆ և ՀՀ կառավարությունների գործընկերությունն ու նշել, որ համատեղ աշխատանքի նպատակը Հայաստանում երեխայի լավագույն շահերը երաշխավորելն է: Կյանքի դժվարին պայմաններում գտնվող երեխաների հարցին անդրադառնալով՝ Ռիչարդ Միլսն ասել է, որ ԱՄՆ նոր գործողությունների ծրագրում Հայաստանի ներգրավվածությունը խորացնում է երկկողմ գործակցությունը և թույլ է տալիս առավել համակարգված կերպով իրականացնել երեխաների պաշտպանության ու բարօրության ուղղությամբ ԱՄՆ կառավարության տարբեր գերատեսչությունների կողմից հայաստանյան գործընկերների հետ իրականացվող ծրագրերը:
Նմանատիպ նյութեր
818 դիտում
19:58 17-10-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ հարցերով խորհրդականին
900 դիտում
20:00 02-11-2021
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին
Այս բաժնից
511 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
655 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1132 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը