1088 դիտում
17:43 04-12-2015
Ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում միջազգային համագործակցության ծրագրերի արդյունքները
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը ներկայացրել է 2015 թվականի ընթացքում նախարարության կողմից միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքները և առաջիկա ծրագրերը:
Նա մասնավորապես անդրադարձել է Եվրամիության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Շվեյցարիայի զարգացման համագործակցության գրասենյակի ֆինասնավորմամբ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին:
Այդ թվում` Եվրամիության հետ համագործակցության շրջանակում փոխնախարարն առանձնացրել է «Արևելյան համագործակցության գյուղատնտեսության և գյուղի զարգացման» 25 միլիոն եվրո արժողությամբ եռամյա ծրագիրը, որից 20 մլն-ը` բյուջետային աջակցություն է, 5-ը` տեխնիկական և իրականացվում է ՄԱԿ-ի կառույցների կողմից: Ծրագրի տեխնիկական բաղադրիչի ներքո ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն իրականացնում է ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներ, որի շրջանակում այժմ նախարարությունը մշակում է հետբերքահավաքի կաննոնակարգ և ուսումնասիրում բնածին աղետների դեմ պայքարի նորագույն տեխնոլոգիաների ներդրման հարցը: Արմեն Հարությունյանը հավելել է, որ այս մեթոդոլոգիայի շրջանակում պիլոտային ծրագրեր կիրականացվեն հակակարկտային ցանցերի տեղադրման, ցրտահարության դեմ պայքարի միջոցառումների նոր տեխնոլոգիաների մասով: Ծրագիրն ունի նաև դրամաշնորհային բաղադրիչ, որն իրականացվում է ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման և ՄԱԿ-ի զարգացման գործակալության կողմից և նպատակուղղված է կոոպերատիվների աջակցությանը: Փոխնախարարն ընդգծել է, որ այս տարի ՀՀ բոլոր մարզերի գյուղացիական տնտեսությունները, որոնք ցանկանում են կոոպերատիվներ հիմնել, հնարավորություն են ունեցել հայտեր ներկայացնել, որի արդյունքում ըստ չափորոշիչների կընտրվեն 30-35 կոոպերատիվներ, որոնք կստանան դրամաշնորհներ Եվրամիության կողմից:
Փոխնախարարը տեղեկացրել է նաև, որ դեկտեմբերի 15-ին Հայաստանում կմեկնարկի նոր ծրագիր ` ԵՄ և Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, որը կուղղվի Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը: Նախատեսվում են բարեփոխումներ օրենսդրական դաշտում, դրամաշնորհային ծրագիր, որը բաց է լինելու ՀՀ բոլոր մարզերի գյուղացիական տնտեսությունների համար: Ծրագրի բյուջեն կազմում է 3,3 մլն եվրո, տևողությունը` երեք տարի է:
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ իրականացվող ծրագրերն են` «Համատարած գյուղատնտնտեսական հաշվառում» ($2 մլն, 2014-2017), «Համագործակցություն հանուն գյուղի զարգացման», ($4 մլն 2013-2018), «Գյուղի զարգացման նախաձեռնություն» ($4 մլն, 2013-2018):
Բացի այդ, ԱՄՆ ՄԶԳ-ի հետ իրականացվում են անասնաբուժական կենտրոնների ստեղծման և մասնավոր խորհրդատվական համակարգերի խթանման ծրագրեր: Արմեն Հարությունյանը հայտնել է, որ մինչև 2017 թվականը նախատեսվում է ստեղծել թվով 20 անասնաբուժական կենտրոններ, որոնք կապահովվեն այլընտրանքային խորհրդատվություն գյուղացիական տնտեսությունների համար: 2016 թվականին ԱՄՆ ՄԶԳ-ն ֆինանսավորել է նաև ջրային համակարգի արդիկանացմանն ուղղված ծրագիր, որի շրջանակում երեք պիլոտային ծրագրեր են իրականացվել` ջրախնայողատար համակարգերի տեղադրման մասով, ինչը կնպաստի, որպեսզի ձկնաբուծական տնտեսություններն առավել արդյունավետ դարձեն իրենց գործունեությունը:
Նախարարությունը շարունակում է համակգործակցությունը ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ, այս պահին կան 7 ընթացիկ ծրագրեր: Դրանցից են` Խաղողի կոլեկցիոն այգիների ստեղծման, Ձկնաբուծության զարգացման, Բրյուցելոզի դեմ պայքարի պիլոտային ծրագրերը:
Փոխնախարարի խոսքով` այս տարի նախարարությունը բավականին արդյունավետ համագործակցել է Ֆրանսիայի դեսպանատան հետ, և տարվա ընթացքում Հայաստան են ժամանել առաքելություններ` խորհրդատվական համակարգի արդիականացման և խաղողագործության և գինեգործության զարգացման նպատակով: Ակնկալվում է, որ 2016 թվականին ֆրանսիացի մասնագետներ կժամանեն պանրագործության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման և մեր հանրապետությունում պանիրների նոր տեսակների արտադրության զարգացման նպատակով: Արմեն Հարությունյանը շեշտել է, որ նոր տեխնոլոգիաների ներդրումը պայմանավորված է նոր շուկաներ գտնելու և արտահանման աշխարհագրությունն ընդլայնելու անհրաժեշտությամբ:
Այս տարի Հայաստանը դարձել է Խաղողի և գինու միջազգային կազմակերպության անդամ և Գերմանիայի զարգացման գործակալությունն աջակցել է, որ հայկական կրթական և գիտական հաստատությունների անդամներ մասնակցեն և իրենց թեզերը ներկայացնեն այս հեղինակավոր կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումների շրջանակում:
Անդրադառնալով ԵԱՏՄ ագրոարդյունաբերական համալիրի քննարկումներին` փոխնախարարը հայտնեց, որ 12 աշխատանքային խմբեր են ստեղծվել, որոնք նպատակաուղված են գյուղատնտեսության ոլորտում տարբեր համատեղ ծրագրերի իրականացմանը:
Նմանատիպ նյութեր
1266 դիտում
22:59 22-01-2020
Ամփոփվել են գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերի արդյունքները 12 ամիսներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1546 դիտում
15:30 24-12-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ամփոփել է 2014 թվականի արդյունքները գյուղատնտեսության ոլորտում
Այս բաժնից
883 դիտում
21:26 22-11-2024
Փոխվարչապետը քննարկել է ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը
691 դիտում
21:11 22-11-2024
Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը
2017 դիտում
20:56 22-11-2024
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով. Նիկոլ Փաշինյան