211652_close_icon

ԱԺ նախագահն ընդունել է Պյոտր Սվիտալսկուն

views-count775 դիտում article-date 17:22 03-12-2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Ողջունելով նորանշանակ դեսպանին` Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատան` հույս հայտնելով, որ նա իր գործունեությամբ կնպաստի Հայաստան-ԵՄ հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը: Խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների դինամիկ զարգացումից՝ խորհրդարանի ղեկավարն այդ հարցում կարեւորել է Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ արդյունավետ համագործակցությունը: Գալուստ Սահակյանը նշել է, որ Եվրոպական միության հետ համապարփակ համագործակցության խորացման հարցում Հայաստանի հանձնառությունը հաստատուն է: Այս համատեքստում ԱԺ նախագահը կարեւորել է ԵՄ խորհրդի որոշումը՝ Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձեւավորման շուրջ բանակցություններ սկսելու մանդատ տրամադրելու վերաբերյալ: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ բանակցությունների արդյունքում մշակված Գործողությունների ծրագիրը կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համապարփակ փոխգործակցությունը: Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը կարեւոր դերակատարություն ունի Հայաստան-ԵՄ հարաբերություններում: Պյոտր Սվիտալսկին, խոսելով Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների մասին, այդ համատեքստում կարեւորել է Հայաստանի արդյունավետ համագործակցությունը Վենետիկի հանձնաժողովի հետ: Դեսպանն իր բազմաթիվ գործընկերներից տեղեկացել է, որ Հայաստան-Վենետիկի հանձնաժողով համագործակցությունը եղել է օրինակելի: Դեսպանը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանի իշխանություններնիր ղեկավարած կառույցի հետ համագործակցում են հրապարակային եւ պատրաստակամ են զարգացնելու համագործակցությունը: Դեսպանն ընդգծել է.«Հայաստանի իշխանությունների հասանելիությունն ու երկխոսության մակարդակն ավելի բարձր է, քան մի շարք եվրոպական երկրներում»: Պյոտր Սվիտալսկին խոսել է նաեւ եվրոպական երկրներ մուտքի արտոնագրի տրամադրման դյուրացման գործընթացի մասին՝ մասնավորապես նշելով, որ այս գործընթացից հետո անհրաժեշտ է անցում կատարել առանց մուտքի արտոնագրի ռեժիմի: Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Նմանատիպ նյութեր