ՌԴ նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտնել է, որ ռուսական կողմը սկսել է Իրան C-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարման գործընթացը, հաղորդում է RBC-ն:
Նոյեմբերի 9-ին «Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը հայտնել էր, որ Ռուսաստանն արդեն ստորագրել է Իրանի հետ համալիրների մատակարարման մասին պայմանագիրը: Արտադրությունը իրականացվելու է «Ալմազ-Անթեյ» կոնցեռնի կողմից, որը պայմանագրի ստորագրումից 18 ամսի անց կսկսի մատակարարումները:
Իրանի և Ռուսաստանի միջև գործարքը համաձայնեցվել էր դեռևս 2007 թվականին, սակայն 5 տարի առաջ Դմիտրի Մեդվեդևը վետո դրեց այդ գործարքի վրա այն բանից հետո, երբ ՄԱԿ ԱԽ-ն ընդունեց 1929 բանաձևը, որով արգելվում էր Իրանի հետ զենք-զինամթերքի վերաբերյալ ցանկացած համագործակցությունը:
Պայմանագրի խզումից հետո Իրանը հայց ներկայացրեց Ժնևի դատարան և պահանջեց 4 մլրդ դոլարի փոխհատուցում: Իսկ այս տարվա ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց, որով չեղյալ հայտարարվեց C-300 ԶՀՀ-ների պայմանագրի խզումը: