«Նապոլին» Մարադոնայի ժամանակներից ի վեր առաջին անգամ գլխավորեց Իտալիայի առաջնությունը. տեսանյութ
Իտալիայի առաջնության 14-րդ տուրի կենտրոնական խաղը կայացավ Նեապոլում, որտեղ «Նապոլին» ընդունել է առաջատարին՝ Միլանի «Ինտերին»:
Բացառիկ դրամատիկ այս խաղն ավարտվեց «Նապոլիի» հաղթանակով՝ 2:1, ընդ որում, հանդիպման վերջին վայրկյաններին «Ինտերի» գրոհներից հետո գնդակը երկու անգամ դիպավ մրցակցի դարպասաձողերին:
Այս հաղթանակից հետո «Նապոլին» վաստակեց 31 միավոր և շրջանցելով «Ինտերին»՝ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Մրցաշրջանի այս հատվածում «Նապոլին» առաջին անգամ է գլխավորում Իտալիայի առաջնությունը՝ սկսած 1989/90 մրցաշրջանից, երբ թիմում հանդես էր գալիս լեգենդար Դիեգո Մարադոնան: Նշենք, որ այդ մրցաշրջանում «Նապոլին» դարձավ Իտալիայի չեմպիոն: