211652_close_icon
views-count11963 դիտում article-date 19:00 28-11-2015

Կացինս հրեն սրած…, ձագիդ տանեմ՝ թրաֆիքինգ անեմ

Կկուն ձեռներեց էր: Գործ էր դրել, կենսական խնդիր էր լուծում, անձնական երջանկություն կառուցում: Սակայն հարկահավաքը պահանջում էր տրամադրել եկամտի մի մասը, որպես հարկ: Չվճարելու դեպքում սպառնում էր փակել ձեռներեցի գործը: Որպես հիմնավորում ներկայացնում էր, թե իր սարն է, իր ծառն է (իր քաղաքն է, իր շուկան): Կկուն վախենում ու կատարում էր հարկահավաքի պահանջը, նրան տրամադրելով եկամտի մի մասը: Մինչև վերջերս «Չարի վերջը» գրվածքում նկատվում էր այս սոցիալական պատկերը, որտեղ կկուն աշխատասեր գործարարն է, աղվեսը՝ հարկահավաքը, ագռավը՝ իրավախորհրդատուն-իրավապաշտպանը, շունը՝ իրավապահը, արդարադատություն իրականացնողը, որը չարին վերջ է տալիս: Սակայն ըստ էության վերլուծելու արդյունքում ի հայտ են գալիս այլ ուշագրավ մանրամասներ: Նախ կկուն գործ չի դրել, այլ ձագ է հանել՝ ընտանիք ստեղծել: Իսկ աղվեսը ամենևին էլ հարկահավաքի նման չի, այսինքն՝ ձագը չի վերցնում ընդհանուր-հանրային կարիքների (պաշտպանություն, կրթություն, առողջապահություն, կարգուկանոն) համար, այլ սեփական-անձնական հետաքրքրության համար: Աղվեսը սպառնալիքի ազդեցությամբ խլում է փոքրիկներին՝ առնվազն թրաֆիքինգի նպատակով (... մինը ծառա ղըրկես ինձ մոտ): Պոզիտիվիստները կարծում են, որ «Չարի վերջը» կարդացողը չի մտածում թրաֆիքինգի մասին՝ վախենալով ագռավից ու շնից: Քաղաքում ագռավների և շների բազմությունն այս հարցում զսպող-կանխարգելիչ ազդեցիկ գործոն է: «Չարի վերջը» գրվածքի մեկ այլ՝ սոցիալ-հոգեբանական վերլուծության պարագայում առաջին պլան է մղվում ընտանիքի-երեխաների բարոյահոգեբանական առողջության խնդիրը: Աղվեսը խորամանկ, այլասերված, չար կերպար է: Կկուն կրթում-դաստարակում է իր ձագերին, սակայն նրանք ընկնում են վատ շրջապատ՝ խորամանակների, այլասերվածների ազդեցության տակ, կուլ գնում աղվեսներին: Այս լույսի տակ ուրվագծվում է ագռավի նոր կերպարը: Ագռավը մոնոգամ կենդանի է, ընտանեկան հավատարմության օրինակ: Նա երկարակցյաց բարեկիրթն է, գիտի, թե որն է ճիշտ, որը՝ սխալ, ինչն է բարի, ինչը՝ չար: Այդ առումով ագռավը հասկացողի խորհրդանիշն է: Իսկ գյուղացու շունն այս տեսանկյունից մարմնավորում է բարոյախոս-հոգեբանի կերպարը: Իրազեկը խորամանկին ուղեկցում է բարոյախոս-հոգեբանի մոտ: Վերջինս թփի տակ է և նման է խոստովանահորը, որը կարողանում է ճշմարիտ-բարի խոսքով սպանել մարմնի մեջ մտած աղվեսին-չարին և ազատել-մաքրել, վերստին ազնիվ դարձնել հոգին: Իրականում չարի և բարու պայքարում չարի վերջը հենց այս կերպ կարող է լինել, ոչ թե հաշվեհարդարի: Տակավին վիճելի է, թե ինչ է խորհրդանշում կացինը: Որոշ քաղաքագետներ կարծում են, թե կացինը ատաքին ուժի (ըստ ժամանակի՝ ռուսական) խորհրդանիշն է: Չարն այն որպես սպառնալիք-գործիք է օգտագործում իր անազնիվ ծրագիրն իրագործելու համար: Սակայն հասկացողի կամ իրավապաշտպանի շնորհիվ պարզվում է, որ աղվեսը բլեֆ է անում, կացին չունի, արտաքին ուժերի հովանավորությունը չի վայելում: Այդ պատճառով խորամանկը, չարը-այլասերվածը-խորամանկը հասկացողին, իրավապաշտպանին, գիտակին ընկալում է որպես բնական թշնամի: [b]Թաթուլ Մկրտչյան [/b]

Նմանատիպ նյութեր