211652_close_icon
views-count2236 դիտում article-date 15:12 09-06-2016

Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ագրարային նրբերանգներով Հայաստանը շանս չունի գոյատեւելու. կան երկրներ, որոնք ատամները սրած սպասում են, թե երբ պետք է գա Հայաստանը խժռելու պահը որպես բանջարեղենամրգային դեսերտ. Նիկոլ Փաշինյան

Ագրարային նրբերանգներով Հայաստանը շանս չունի գոյատեւելու այս տարածաշրջանում, որովհետեւ արևելքում ու արեւմուտքում կան երկրներ, որոնք ատամները սրած` սպասում են, թե երբ պետք է գա Հայաստանը խժռելու պահը որպես բանջարեղենամրգային դեսերտ: Սա ցույց տվեց քառօրյա պատերազմը: Անդրադառնալով 2015 թվականի պետական բյուջեի կատարողականին` այսօր ԱԺ –ում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով այս համեմատությունն արեց` ընդգծելու համար, որ Հայաստանին պետք է զարգացման ռազմավարություն: Եվս մեկ ցցուն օրինակ բերեց` ասելով, որ գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու խոստումներից հետո  ՀՀ-ում անցել են պոմիդորահեն տնտեսություն ստեղծելուն: Այլ կերպ ասած`՝ պոմիդորով հնարավոր չէ հակառակորդի ագրեսիայի դեմ պայքարել: «Հայաստանում իշխանության ղեկին պետք է լինեն ոչ թե մարդիկ, ովքեր երազում են, որ ՀՀ-ում էլ իսրայելական նորագույն զենք լինի, այլ մարդիկ, ովքեր երկիրը վստահաբար տանում են դեպի այն հանգրվան, երբ Իսրայելն ու աշխարհի այլ երկրներն են  երազում հայկական գերժամանակակից զենքեր ունենալու մասին»,- հայտարարեց ԱԺ պատգամավորը: Փաշինյանի գնահատմամբ` Հայաստանը պետք է դառնա սեփական սպառազինությունների առաջին մատակարարը: Իսկ 2015 թվականի պետական բյուջեի կատարողականը նա նախորդ տարիների կատարողականների նման հուսահատ ու տխուր փաստաթուղթ համարեց, «որտեղ կան թվեր, տոկոսներ, անկումներ և նույնիսկ աճեր»:

Նմանատիպ նյութեր