211652_close_icon

Ինչպես է գեներալ Մանվել Գրիգորյանին հաջողվում պատանիներին կտրել փողոցից. տեսանյութ

views-count2039 դիտում article-date 18:28 23-11-2015
ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը այսօր ԱԺ-ում ելույթ ունենալով ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումներում ներկայացրեց նախազորակոչային տարիքի երիտասարդների հիմնախնդիրների վերաբերյալ ԵԿՄ պաշտոնական դիրքորոշումը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նրա ելույթը ներկայացնում է ստորեւ. - Հարգելի՛ ներկաներ. Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը ողջունում է այս քննարկման կազմակերպումը։ Նախազորակոչային տարիքի երիտասարդության խնդիրներն անչափ կարեւոր՝ ռազմավարական ոլորտ են։ Նշեմ, որ ես պատիվ ունեմ Երկրապահի անունից ոչ միայն եւ ոչ այնքան առաջարկներ ներկայացնել։ Ես կարող եմ պարզապես ներկայացնել այն հսկայածավալ աշխատանքը, որ նշված ուղղությամբ արդեն մոտ 2 տասնամյակ տանում է ԵԿՄ-ն։ Սպարապետ Վազգեն Սարգսյանը իմաստուն առաջնորդ էր։ Նա դեռ ԵԿՄ 3-րդ համագումարում ասում էր, որ մանկապատանեկան համապետական կառույց ստեղծելու անհրաժեշտություն կա։ «Հայ երեխան դեռ դպրոցից պետք է ծանոթ լինի իր ազգի պատմությանը, պետք է իմանա, թե ինքն ով է, որտեղից է գալիս եւ ուր է գնում՝ ինչ առաքելություն ունի»։ Սպարապետն ինքն էլ ձեռնամուխ եղավ «Պատանի երկրապահ» կառույցի ստեղծմանը։ Առաջին ակումբը հիմնադրվեց 1997-ին։ ԵԿՄ-ն, զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, այսօր իրականություն է դարձրել Սպարապետի երազանքը։ Այսօր ՀՀ եւ Արցախի ԵԿՄ բոլոր տարածքային բաժանմունքներում գործում են «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ։ Այս աշխատանքի կարեւորությունը գնահատեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ում գործուն աջակցությամբ «Պատանի երկրապահ»-ը պետական ճանաչում ձեռք բերեց։ 2014-ի սեպտեմբերի 9-ին փոխըմբռնման եռակողմ հուշագիր ստորագրվեց ԵԿՄ-ի, պաշտպանության եւ կրթության եւ գիտության նախարարությունների միջեւ։ Հուշագրի ստորագրմամբ նոր թափ ստացավ հայրենասիրական ակումբների ձեւավորումը։ Այսօր արդեն «Պատանի երկրապահ» ակումբներ կան Հանրապետության գրեթե բոլոր դպրոցներում։ Նույնիսկ ակումբների ստեղծման օրերն իբրեւ տոնական նշվում են: Ի դեպ, անխտիր բոլոր դպրոցների երեխաներ են մասնակցում մեր կազմակերպած հրամանատարասերժանտական դասընթացներին։ Այսօր արդեն պատանի երկրապահների թիվն անցնում է 30 000-ից։ Այսինքն՝ այդքան պատանու մենք կտրում ենք փողոցից՝ նրանց ռազմահայրենասիրական դաստիարակություն տալով։ Ի դեպ, մեր դասընթացներում ներգրավված են հայ առաքելական եկեղեցու սպասավորները, պաշտպանության, կրթության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, սոցիալական հարցերի նախարարությունների, ոստիկանության, կադաստրի մասնագետները։ Այս կառույցների հետ մենք համագործակցության հուշագրեր ունենք: Յուրաքանչյուր ոլորտին վերաբերող դասընթացները վարում են համապատասխան ոլորտի՝ բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Մեր երեխաների հետ պարապմունքներ են անցկացնում թաեքվոնդոյի ֆեդերացիայի մարզիչները, քանի որ ֆիզկուլտուրան, առողջ ապրելակերպը կարեւորագույն հարցեր են։ Հիրավի առողջ մարմնում է առողջ հոգի։ Հրամանատարասերժանտական դասընթացների շնորհիվ տասնյակհազարավոր պատանիներ եւ աղջիկներ անցնում են շարային, կրակային պատրաստություն, սովորում են կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում, ցուցաբերել առաջին բուժօգնություն։ Մեր պատանիները հայրենաճանաչության դասեր են անցնում՝ լինելով Հայաստանի, Արցախի բոլոր սահմանամերձ բնակավայրերում, սահմանային զորամասերում, այցելելով Արցախյան պատերազմի նահատակների պատվին, հենց նրանց զոհվելու վայրերում կանգնեցված հուշարձաններին։ Հայ եկեղեցու պատմությանը մեր երեխաները հաղորդակցվում են առաքելական եկեղեցու սպասավորների միջնորդությամբ՝ ներկա լինելով պատարագներին, այլ հոգեւոր արարողությունների, այցելելով պատմաճարտարապետական արժեք ներկայացնող տաճարներ։ Ի դեպ, հատուկ շնորհակալություն ՀՀ նախագահին, ում գործուն միջամտությամբ այսօր պատանի երկրապահները Գեղարքունիքի մարզի անտառային մի գեղատեսիլ վայրում ուսուցման եւ հանգստի կենտրոն ունեն։ Երկրապահն իր բոլոր ռեսուրսները ներդնում է, որ առաջիկայում այդ տարածքը կարողանա նպատակային օգտագործվել ամառ թե ձմեռ։ Թյուր կարծիք թող չստեղծվի, թե մեր դասընթացները դպրոցին փոխարինելու նպատակ ունեն։ Միանշանակ՝ ո՛չ։ Այս դասընթացները լրացնում են այն գիտելիքները, որ երեխան ստանում է դպրոցում։ Ինչպես պատկերավոր ներկայացնում է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը. «Պատանի երկրապահի համար վերեւում Աստված է, ներքեւում՝ ծնողները, առջեւում՝ հայոց անկախ պետականությունը։ Մեր այս կառույցով անցած երեխաները սովորում են ցանկացած պահի պաշտպանել սրբությունները՝ մորը, Աստծուն, հայրենիքը»։ Հավելեմ, որ «Պատանի երկրապահ» կառույցում թրծված տղաները հայոց բանակի լավագույն զինվորներ, լավագույն սպաներ են դառնում։ Երկրապահը մշտապես զորամասերի ղեկավարությունից, ՊՆ հրամկազմից եւ անձամբ նախարարից շնորհակալագրեր է ստանում իր դաստիարակած կադրերի օրինակելի ծառայության համար։ Սակայն, ես նշեմ, որ մեր պատանիները ոչ միայն բանակի համար են դառնում պատրաստի, հայեցի դաստիարակված կադրեր, այլեւ դառնում են Հայաստան պետության լիարժեք քաղաքացի, լավ մասնագետ, պիտանի մարդ ազգի, պետության, իրենց ընտանիքների համար։ Ամփոփելով՝ ընդգծեմ, որ պատանի երկրապահը վաղվա հզոր Հայաստանն է, վաղվա պաշտպանված եւ բարեկեցիկ Արցախը եւ կոչ անեմ բոլորիդ՝ հնարավորության սահմաններում աջակցեք «Պատանի երկրապահ» կառույցների գործունեությանը։ Աջակցելով այս երեխաներին՝ աջակցած կլինեք սերունդների ճիշտ դաստիարակման, կրթման հայրենանվեր գործին եւ նախազորակոչային տարիքի երիտասարդության հետ կապված բոլոր բարդույթների հաղթահարմանը կնպաստեք։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր