Գյումրիում պատկան մարմինների փոխարեն քաղաքի փողոցների և շենքերի արտաքին պատերի գեղեցկացմամբ զբաղվում են տեղի երիտասարդները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Գյումրին մեր տունն է» երիտասարդական [url=https://www.facebook.com/GyumriIsOurHome/?fref=ts]նախաձեռնության [/url]անդամները կրկին հանդես են գալիս հետաքրքիր նախաձեռնությամբ: Երիտասարդներն իրենց ժամանակը նվիրել են քաղաքի փողոցների եւ շենքերի արտաքին պատերի գեղեցկացմանը: Մետաղական թիթեղների վրա արտատպում են Գյումրու կոլորիտին եւ խոսակցական կյանքում հնչող զրույցները, ինչպես նրանք են անվանում՝ Գյումրվա հին ու անուշ խորաթեք փողոցներում:
Նախաձեռնությունն ինքնանպատակ չէ եւ հեռանկարային մեծ աշխատանքներ է իրենից ենթադրում: Նպատակ ունենալով Գյումրիում համայնքային զարգացման տարաբնույթ միջոցառումներ կազմակերպել՝ երիտասարդները վստահ են, որ իրենց քայլերով կամաց-կամաց Գյումրիում կնպաստեն նաեւ ներքին տուրիզմի կայացմանը: Բացի Գյումրու կոլորիտին բնորոշ խոսքերից, փողոցներում կարելի է հանդիպել նաեւ հեծանվային մշակույթ քարոզող պատկերներ:
Հեռահար պլաններում երիտասարդները փնտրում են աջակիցներ, գաղափարակիցներ՝ փողոցներում հայտնի հայ բանաստեղծների, անվանի մարդկանց, հիշատակության արժանի կերպարներին նկարագրող թիթեղներ ամրացնելու փողոցներում: Սա յուրօրինակ կոչ է համախմբման եւ շատ քիչ ծախսերով քաղաքը գեղեցկացնելու, հիշատակության արժանի երեւույթների մասին ներկայացնելու փորձ:
Այն ինչպես գեղեցիկ է աչքի համար, այնպես էլ ուսանելի է:
Երիտասարդները կատակով նշում են, որ համախոհներ ու աջակիցներ գտնելու դեպքում հաջորդ քայլով անեկդոտների պատ կունենան Գյումրիում: