Վայոց Ձորի մարզում 36-ամյա անհատ ձեռներեցը Lexus-ով գլորվել է ձորը. նրան փրկել է հաստաբուն ծառը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Կապան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 36-ամյա Վիլեն Հակոբյանը վարելով Lexus մակնիշի 79 ZZ 077 համարանիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 150.5 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի բախվել բետոնե արգելապատնեշներին և գլորվելով հայտնվել ձորում, կողաշրջվելով` հարվածել ծառին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ փրկարարական ջոկատը հրամանատար Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Սերգեյ Համբարձումյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան փրկարարները ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները վերամբարձ կռունկի օգնությամբ դուրս են բերել ձորից և հանձնել մեքենայատիրոջը, ով ըստ տեղեկությունների` անհատ ձեռներեց է:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Լևոն Ամիրզյանի