211652_close_icon
views-count698 դիտում article-date 15:27 09-11-2015

Առողջապահության նախարարությունում քննարկվել են «Դպրոցական սնունդ» ծրագրին առնչվող հարցեր

ՀՀ ԱՆ աշխատակազմի հանրային առողջության և երեխաների առողջության պահպանման բաժինների ղեկավարները հանդիպեցին Պարենի համաշխարհային ծրագրի /ՊՀԾ/ հրավերով Հայաստան ժամանած ՊՀԾ տարածաշրջանային գրասենյակի սնուցման հարցերով խորհրդատու Միշել Դուրային` կազմակերպության աջակցությամբ իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագիրը և ծրագրին առնչվող սնուցման ու սննդի հարստացման առանձին հարցեր քննարկելու համար: Նախարարության ներկայացուցիչներն ընդգծեցին դպրոցական ճաշերի տրամադրման բացարձակ անհրաժեշտությունը, նկատի ունենալով, որ զգալի թվով երեխաների սնուցման վիճակն անբավարար է և, որ երեխաների մոտավորապես մեկ երրորդն է նախաճաշում դպրոց գնալուց առաջ: Ոստի, դպրոցական ճաշերն են ապահովում բազմաթիվ երեխաների ամենօրյա սնունդը և սնուցումը: Հանրային առողջապահության համապարփակ քաղաքականության մեջ կարևորվեց սննդի հարստացումը` որպես սննդարար միկրոտարրերի անբավարարության հաղթահարման արդյունավետ ռազմավարություն: ՊՀԾ ներկայացուցիչն ընդգծեց սնուցման որակի կարևորությունն ազգային դպրոցական սննդի ծրագրում, և այն աստիճանաբար ծրագրում ինտեգրելու անհրաժեշտությունը` սկսելով նախ և առաջ չոր թխվածքաբլիթներից ու հյութից, անցնելով առավել սննդարար ու բազմազան տաք կերակրի: Նա փաստեց, որ կազմակերպության ակտիվ ջանքերի շնորհիվ շատ դպրոցներ արդեն անցնում են տաք սննդի։ Հանդիպման մասնակիցները քննարկեցին նաև ՀՀ կառավարության ալյուրի պարտադիր հարստացման ռազմավարությանը վերաբերող հարցեր: Միշել Դուրան առաջարկեց հանրային տեղեկատվությունը լրացնելու մի շարք միջոցներ, այդ թվում առողջության վրա սննդի հարստացման բարերար ազդեցության միջազգային հարուստ փորձին ծանոթանալու, և սննդի հարստացմանը նվիրված միջազգային գիտաժողովների և այլ միջոցառումների հայ մասնագետներին առավել ակտիվորեն ներգրավելու միջոցով: Կողմերը պայմանավորվեցին շարունակել համագործակցությունը սննդի հարստացման ոլորտում` համապատասխան օրենքների և լավագույն փորձի վերաբերյալ հրապարակումների փոխանակման միջոցով:

Նմանատիպ նյութեր