211652_close_icon
views-count4300 դիտում article-date 08:41 28-10-2015

Հոկտեմբերի 27-ի պետական ահաբեկչության զոհերի նկատմամբ հարգանքի տուրք մատուցելու ավանդույթը մեր երկրում տարեցտարի փոխվում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ հերթական անգամ ամոթալի իրավիճակում հայտնվեց։ Աժ նիստի մեկնարկը արձանագրելիս նա մոռացավ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգել։ Սահակյանը սովորականի պես սկսեց նիստը վարել, ինչը դուր չեկավ պատգամավորներին։ Պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը բղավեց, թե՝ մի րոպե կանգնենք, հարգենք զոհերի հիշատակը, նոր նստենք։ Սահակյանն ասաց. «Իհարկե, մենք առավոտյան արարողություն կատարել ենք, բայց եթե ցանկություն կա, կարող ենք մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»։ Այնուհետև հայտարարվեց լռության և հիշատակի րոպե։ Հասկանալի է, որ հոկտեմբերի 27-ի սպանդը Գալուստ Սահակյանի համար պաշտոնական վերելքի յուրօրինակ հնարավորություն բացեց, բայց ամեն դեպքում տգեղ է, երբ խորհրդարանի ղեկավարն իր գործընկերների հիշատակը հարգում է հուշումից հետո միայն։ Եվ, ընդհանրապես, պետական այդ ահաբեկչության զոհերի նկատմամբ հարգանքի տուրք մատուցելու ավանդույթը մեր երկրում տարեցտարի, կարծես թե, փոխվում է։ Այլևս անգամ ձևական ժեստեր չեն արվում պետական պաշտոնյաների կողմից»։

Նմանատիպ նյութեր