211652_close_icon
views-count682 դիտում article-date 20:27 21-10-2015

ՀՀ գյուղատնտեսության նախարարը ՀԲ-ի հետ քննարկել է անտառների արդյունավետ կառավարման ծրագրի ընթացքը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին բնապահպանական գծով ավագ տնտեսագետ, FLEG ծրագրի ղեկավար Գայանե Մինասյանը, անտառային ոլորտի ավագ մասնագետ Տուուկկա Կաստրենը, բնապահպան Վլադիսլավա Նեմովան, FLEG ծրագրի հայաստանյան համակարգող Արուսյակ Ալավերդյանը: Հանդիպման նպատակն էր քննարկել Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Եվրոպական հարևանության և գործընկերության գործիք (ԵՀԳԳ) Արևելյան երկրներում. անտառային օրենսդրության կիրարկման և կառավարման բարելավման» երկրորդ (ENPI FLEG 2) ծրագրի ընթացքը և նախանշել համագործակցության առաջիկա ծրագրերը: «Վերջին տարիներին մեր երկրում բավականաչափ աշխատանք է տարվել անտառների պահպանման և արդյունավետ կառավարման ուղղությամբ, նվազել են ապօրինի անտառային հատումները, սակայն ոլորտում դեռևս առկա են մի շարք խնդիրներ, որոնց լուծման համար ակնկալում ենք միջազգային կառույցների, այդ թվում` նաև Համաշխարհային բանկի աջակցությունը», - ողջունելով հյուրերին` նշել է նախարար Սերգո Կարապետյանը: Մասնավորապես, նախարարի խոսքով, ոլորտում անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններից բացի, զգացվում է տեխնիկական օժանդակության, նորագույն սարքավորումների ներդրման կարիք, որոնք թույլ կտան մշտադիտարկումներ իրականացնել անտառային տարածքներում` դրանով իսկ նպաստելով անտառների վերականգնմանն ու առավել արդյունավետ կառավարմանը: Նախարարը տեղեկացրել է, որ ներկայումս պետությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները անտառային տարածքների ընդլայնման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ENPI FLEG 2 ծրագրի ընթացքը, որի նպատակն է աջակցել անտառների արդյունավետ կառավարմանը՝ անտառային քաղաքականության, օրենսդրության և ինստիտուցիոնալ կառուցվածքների արդյունավետության բարձրացման միջոցով: Պատվիրակության անդամներն իրենց հերթին ընդգծել են Համաշխարհային բանկի պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ անտառային ոլորտի բարելավման ուղղությամբ և շեշտել, որ ծրագրի ավարտից հետո բանկը նպատակադրված է շարունակել օժանդակել Հայաստանին այս հարցում:

Նմանատիպ նյութեր