211652_close_icon
views-count3572 դիտում article-date 13:54 13-10-2015

Ի՞նչ պատժի արժանացավ «Դուբայ» հյուրանոցի մոտ հաճախորդին դանակահարած Սուսանանն եւ ինչո՞ւ էր դանակահարել նրան

Ինչպես տեղեկացրել էինք, 34-ամյա Սուսաննա Ազատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Կոտայքի մարզի Զովունի գյուղում գործող «Դուբայ» անվանումը կրող հյուրանոցային համալիրի գլխավոր մուտքի դիմաց անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ դանակով հարվածել էր Հովիկ Սիմոնյանի կրծքավանդակի ձախ կեսին և նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր վնաս: Կոտայքի մարզ ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, պարզել է, որ Հ. Սիմոնյանը հյուրանոցային համար պատվիրելու նպատակով ալկոհոլ օգտագործած վիճակում այցելել է վերը նշված հասցեում գտնվող հյուրանոցային համալիր, որտեղ հանդիպել է համալիրի աշխատակցուհի Ս. Ազատյանին, ով, տեղեկանալով Հ. Սիմոնյանի այցելության նպատակի մասին, միաժամանակ քաջատեղյակ լինելով, որ վերջինս ալկոհոլ օգտագործած վիճակում սովորաբար դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, հրաժարվել է տրամադրել հյուրանոցային որևէ համար: Ցավագին ընդունելով Ս. Ազատյանի մերժումը՝ Հ. Սիմոնյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել վերջինիս հասցեին, որից հետո դուրս է եկել համալիրից, սակայն կարճ ժամանակ անց պարզաբանումներ կատարելու նպատակով վերադարձել է համալիրի գլխավոր մուտքի մոտ, որտեղ հանդիպել է Ս. Ազատյանին և կրկին հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին: Լսելով իր հասցեին Ս. Ազատյանի կողմից հնչեցվող պատասխան հայհոյանքները՝ Հ. Սիմոնյանը սկսել է ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնել Ս. Ազատյանի գլխին, դեմքին ու մարմնի այլ հատվածներին, ապա և բռնելով մազերից՝ քաշել ու շարունակել է հարվածներ հասցնել: Նույն ժամանակ տեսնելով, որ Հ. Սիմոնյանն իր նկատմամբ շարունակում է ոտնձգությունը, Ս. Ազատյանը գրպանից հանել է ծալովի դանակն ու թույլ տալով անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում՝ այն է՝ իրեն ծեծի ենթարկող անձի նկատմամբ ընտրելով ոտնձգության բնույթին ու վտանգավորությանը չհամապատասխանող պաշտպանության միջոց՝ կքանստած դիրքից հարվածել է Հ. Սիմոնյանի կրծքավանդակի ձախ կեսին ու անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Սուսաննան իրեն ծեծի ենթարկելու համար Հ. Սիմոնյանի դեմ չի բողոքել, հետեւաբար նրա դեմ քրեական գործ չի հարուցվել, սակայն դատարանը, քննելով գործը, վճռել է Ս. Ազատյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի` 100.000 /հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:

Նմանատիպ նյութեր