1036 դիտում
17:29 09-10-2015
Կայացավ Հայաստանի արտգործնախարարի և Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետնախարարի հանդիպումը
Հոկտեմբերի 9-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետնախարար Հարլեմ Դեզիրին, ով Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ այցելությունը լավ առիթ է երկկողմ հանդիպում անցկացնելու համար և քննարկելու հայ-ֆրանսիական առանձաշնորհյալ հարաբերություններին ու դրանց հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Դեզիրը որպես բացառիկ բնութագրեց հայ-ֆրանսիական հարաբերությունները և նշեց, որ իր համար մեծ պատիվ է Երևանում տեղի ունեցող Ֆրանկոֆոն կարևարագույն միջոցառմանը ներկայացնել Ֆրանսիան։
Էդվարդ Նալբանդյանն ու Հարլեմ Դեզիրը քննարկեցին երկկողմ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, բարձր գնահատեցին երկու երկրների միջև պարբերական բարձրաստիճան փոխայցելությունները, ապակենտրոնացված փոխգործակցությունը։
Հանդիպման օրակարգում էր Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը և դրա նոր իրավական հենքի ստեղծման աշխատանքները։ Այս առումով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ մոտ ժամանակներս Եվրոպական միության խորհուրդը կհաստատի ԵՄ բանակցային թիմի մանդատը և հնարավորություն կստեղծվի սկսել բանակցությունները։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ։ Նախարար Նալբանդյանը հյուրին ներկայացրեց Ադրբեջանի սադրանքների հետևանքով Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում լարվածության աճի հետևանքները։ Նախարար Դեզիրն, ընդգծելով, որ Ֆրանսիան շարունակելու է իր ակտիվ ներգրավվածությունը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ ուղղված ղարաբաղյան խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, կարևորեց հրադադարի ռեժիմի խստիվ պահպանումը։
Նախարարներ Նալբանդյանն ու Դեզիրը անդրադարձան միջազգային կառույցների շրջանակներում երկկողմ փոխգործակցությանը։
Բանակցությունների օրակարգում էին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները և այդ տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղիները, ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը։
Հանդիպումից հետո նախարարները ճեպազրույց ունեցան լրագրողների հետ։
Նմանատիպ նյութեր
1726 դիտում
23:15 16-02-2019
Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Իրանի արտգործնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1447 դիտում
17:54 27-10-2014
Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հանդիպել է Վրաստանի սփյուռքի հարցերով պետնախարարի հետ
3060 դիտում
14:03 18-02-2017
Էդվարդ Նալբանդյանը ՄԹ՝ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարարի հետ հանդիպում է անցկացրել
Այս բաժնից
619 դիտում
12:08 18-01-2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի