211652_close_icon
views-count540 դիտում article-date 14:39 06-10-2015

Դամասկոսում տեղի է ունեցել ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում

Հոկտեմբերի 4-ին Սիրիայում ՀՀ դեսպանությունը մայրաքաղաք Դամասկոսի «Շամ Փալաս» հյուրանոցում կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն՝ ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ: Ընդունելությանը մասնակցում էին և Հայաստանին ու հայ ժողովրդին իրենց ջերմ շնորհավորանքները հայտնեցին Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ-Լահհամը, Սիրիայի ԱԳ փոխնախարար Այման Սուսանը, հայ-սիրիական խորհրդարանական բարեկամական խմբի անդամները, Ժողովրդական ժողովի տարբեր հանձնաժողովների նախագահներ, Սիրիայի կառավարության մի շարք ներկայացուցիչներ. Սիրիայի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, հասարակական-քաղաքական և կուսակցական գործիչներ, դիվանագետներ, մտավորականներ, լրագրողներ, դամասկոսահայ հոգևոր առաջնորդները և միությունների, ինչպես նաև քրիստոնեկան տարբեր համայնքների ներկայացուցիչներ: Իր ողջույնի խոսքում Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության` անցած տարիների ընթացքում ձեռք բերված նվաճումներին, հայ-սիրիական հարաբերություններին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին և Սիրիայի արաբ ժողովրդի՝ Ցեղասպանությունից մազապուրծ հայերին օթևանելու և ջարդերից փրկելու նվիրական ջանքերին, ինչպես նաև Սիրիայի ներքաղաքական վիճակին` նշելով. «Հայաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն՝ ուղղված Սիրիայում խաղաղությանը, ազգային համերաշխությանը և համընդհանուր կայունությանը»: Միջոցառման ընթացքում դեսպան Փոլադյանը սիրիացի հայտնի հասարակական-մշակութային գործիչ, գրող Նաբիլ Տո'մեին հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նրան շնորհված «Երախտագիտության» մեդալը՝ հայ-սիրիական մշակութային հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար: Նույն օրը` առավոտյան, Սուրբ Սարգիս եկեղեցում Դամասկոսի Թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի նախագահությամբ մատուցվել էր Սուրբ պատարագ` ՀՀ Անկախության տարեդարձի կապակցությամբ: Սուրբ պատարագի ավարտին ելույթ էին ունեցել դեսպան Փոլադյանն ու Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը` անդրադառնալով ՀՀ անցած ուղուն և նվաճումներին:

Նմանատիպ նյութեր