211652_close_icon
views-count4337 դիտում article-date 18:56 28-09-2015

Ձեռքբերումներ` ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի հետ հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, շնորհավորելով պաշտոնավարման առթիվ, նշեց, որ անցած 20 տարվա ընթացքում հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում Հայաստանին հաջողվել է շատ խնդիրներ լուծել։ Իմունականխարգելմանը, երեխաների առողջ զարգացմանը, վերարտադրողական առողջության պահպանմանն ուղղված և մի շարք այլ, այդ թվում` հանրային առողջապահական ծրագրերի շնորհիվ նկատելի նվազել են մինչև 5 տարեկան երեխաների և մայրական մահացության ցուցանիշները, բարելավվել է երեխաների առողջությունը։ «Վերջին հինգ տարում իրականացված համատեղ ծրագրերի շնորհիվ արձանագրված հաջողություններն առավել ակնառու են»,-շեշտեց նախարարը` հույս հայտնելով, որ կհաջողվի այսուհետ խորացնել այդ ձեռքբերումները։ Տանյա Ռադոչայը շնորհակալություն հայտնելով Արմեն Մուրադյանին արդյունավետ համագործակցության համար` պատրաստակամություն հայտնելով շարունակել աշխատանքը արդեն իսկ հաջողություններ արձանագրած թիմի հետ։ «Հատկապես տպավորիչ է, որ մայրական և մանկական մահացության ցուցանիշների բարելավումով մոտենում եք հազարամյակի նպատակներին»,-ասաց Տանյա Ռադոչայը` նշելով, որ վերջերս հաստատված Կայուն զարգացման նպատակները հստակեցնում են անելիքները մինչև 2030 թվականը։ Այնուհետև քննարկվեցին հանրային առողջապահական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Արմեն Մուրադյանը ներկայացրեց, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը 2007թ. սկսած մեծ ճանապարհ է անցել։ Սակայն հանրության որոշ խմբեր փորձում են լարվածություն ստեղծել։ «Մենք վստահ ենք, որ դա օգտակար ծրագիր է։ Եվ հաստատակամ ենք հարցը հուզական դաշտից մասնագիտական, ապացուցողական բժշկության վրա հիմնված քննարկումների դաշտ տեղափոխելու գործում»,-ասաց նախարարը` ներկայացնելով, նախարարությունը դաշտը հագեցրել է տարբեր խոշոր համալսարաններից ստացված ծանրակշիռ նյութերով։ Տանյա Ռադոչայը նշեց, որ հանրային առողջապահական ծրագրերը շատ երկրներում են հասարակության կողմից դժվար ընկալվում։ Շատ դեպքերում էլ հակաքարոզչությունը ծառայեցվում է այլ շահերի։ Երկուստեք համաձայնեցին, որ հանրային առողջապահական ծրագրերը հանրության կողմից դժվար են գնահատվում, քանզի դրանց արդյունքները ակնհայտ են դառնում տարիների ընթացքում։ ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև ստորագրված համագործակցության 5-ամյա ռազմավարական փաստաթղթի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև ստորագրվել է 2014-2015թթ. գործողությունների երկամյա ծրագիր: Տանյա Ռադոչայն առաջարկեց համատեղ աշխատանքային խումբ ստեղծել ավելի համակարգված և արդյունավետ համագործակցելու նպատակով։ Նա նաև պատրաստակամություն հայտնեց շարունակել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը։

Նմանատիպ նյութեր