211652_close_icon
views-count1794 դիտում article-date 20:34 26-09-2015

Հայաստանը մասնակցել է Գյոտեբորգի գրքի միջազգային փառատոնին

Սեպտեմբերի 24-ին մեկնարկեց Շվեդիայի Գյոտեբորգ քաղաքում անցկացվող գրքի միջազգային փառատոնը, որն ամեն տարի ունենում է հարյուր հազարավոր այցելուներ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, այս տարի փառատոնում առաջին անգամ ներկայացվեց Հայաստանն` առանձին տաղավարով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Տաղավարում ներկայացվել են վերջին տարիներին Հայաստանում և, առհասարակ, հայերի մասին հրատարակված գրականությունը՝ Ցեղասպանության թեմայով հայերեն, շվեդերեն, անգլերեն, թուրքերեն և այլ լեզուներով գրականության առանձին ցուցադրությամբ։ Հայկական տաղավարի շրջանակներում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ «1915թ. Հայոց ցեղասպանությունը. ժամանակակից հեռանկարներ և վերլուծություն» խորագրով սեմինարը։ Ելույթ ունեցան Լյունդի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Կլաս Յորան-Կարլսոնը, ով հեղինակել է Ցեղասպանության վերաբերյալ «Ովքեր անմեղ են այսօր, կարող են մեղավոր դառնալ վաղը» գիրքը, միջազգային իրավունքի պրոֆեսոր Օվե Բրինգը և «Հայոց ցեղասպանությունը շվեդերի աչքերով» գրքի հեղինակ Յորան Գյունները։ Սեպտեմբերի 24-ին փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ միսիոներուհի Ալմա Յոհանսոնի վերաբերյալ շվեդ գրող և լրագրող Յաննե Կարլսոնի «Այլևս չեմ կարող. Ալման և հայերը» գրքի, ինչպես նաև Մարիա Կարլսոնի «Ժխտողականության մշակույթ. Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության ժխտման համեմատություն» մենագրության շնորհանդեսները հեղինակների մասնակցությամբ։ Յաննե Կարլսոնի հետ առանձին հանդիպում տեղի կունենա սեպտեմբերի 26-ին «Ցեղասպանության ականատեսը» խորագրի ներքո, իսկ Շվեդիայի առաջատար օրաթերթերից մեկը՝ «Svenska Dagbladet»-ը, իր տաղավարում կկազմակերպի Ցեղասպանության վերաբերյալ քննարկում մշակութային բաժնի խմբագիր Անդերշ Բյորքմանի, Լյունդի համալսարանի պրոֆեսոր Սվանտե Լյունդգրենի և «Sydsvenskan» թերթի լրագրող Ռաքել Չուքրիի մասնակցությամբ։ Գյոտեբորգի գրքի միջազգային փառատոնը գործելու է մինչև սեպտեմբերի 27-ը։

Նմանատիպ նյութեր