Ցեղասպանության 100- ամյակին ձոնված «Սուրբ պատարագն» առաջին անգամ կսփռվի համացանցով
Մոնրեալաբնակ երաժիշտ, երգահան Պետրոս Շուժունյանի «Պատարագ և Հոգեհանգիստ 2015» ստեղծագործությունը նվիրված 1915թ.-ի Մեծ եղեռնի զոհերի հիշատակին առաջին անգամ կսփռվի www.sourphagop.net կայքի միջով: Սուրբ պատարագը հնարավոր կլինի դիտել Երևանի ժամանակով սեպտեմբերի 12-ին երեկոյան ժամը 7:30:
Ցեղասպանության 100-ամյակին ձոնված այս ստեղծագործության վրա հեղինակը աշխատել է շուրջ հինգ տարի:
«Այսպիսի մեծ տարողությամբ երգչախմբային գործ հայկական երաժշտության մեջ առաջինն է: Գործը կատարվելու համար հարկավոր էր մեծաթիվ երգչախումբ, որովհետև ստեղծագործությունում մինչև 8 ձայնի բաժանում և երկար տևողություններով պահվող նոտաներ կային»,- ասում է երաժիշտ, երգահան Պետրոս Շուժունյանը՝ նշելով, որ ստեղծագործությունը կատարող երգչախումբը Մոնրեալի «Սենթ Լորենս» երգչախումբն է, որը բաղկացած է մոտ 100 կանադացի երգիչներից: Թեև երգչախմբի մեջ հայ չկա, սակայն չորս մենակատարներից երեքը հայ են: Երգչախմբի ղեկավարը՝ Ֆիլիփ Բուրքը, երիտասարդ տաղանդավոր ֆրասնիացի է, ով կարողացել է ընդամենը երկու ամսում տիրապետել հայերենի հնչյունաբանությանը, որպեսզի ստեղծագործությունը ճիշտ հնչի:
« Իր ստեղծագործական ոճի մեջ այս ստեղծագործությունը բոլորովին տարբեր է թե’ Կոմիտասից և թե’ Եկմալյանից, սակայն այս երաժշտության հիմքը մեր շարականներն են, որպես ներշնչում»,- ասում է «Պատարագ և Հոգեհանգիստ 2015» ստեղծագործության հեղինակ, երաժիշտ, երգահան Պետրոս Շուժունյանը:
Նրա խոսքով՝ սա Հայաստանից դուրս Ցեղասպանության 100-ամյակին ձոնված միակ ստեղծագործությունն է, որ հինգ տարվա աշխատանք է պարփակել և եզակի է իր լայնածավալությամբ և տարողությամբ: