ՏԿԱԻՆ-ը կատարելագործում է կենսաբանական աղետների դեմ պայքարի միջոցները
Սեպտեմբերի 9-ին ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը հանձնեց մասնագիտացված «Տոյոտա» մակնիշի հատուկ ավտոմեքենա` կցորդով և սարքավորումներով, կենսաբանական ազդակների հայտնաբերման, նմուշառման ու վարակազերծման իրականացման գույքով, ինչպես նաև անհատական պաշտպանության միջոցներով, որոնք նախատեսված են կենսաբանական արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու համար:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ՏԿԱԻՆ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը և ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Վուդվարդ Քլարք Փրայսը:
ՏԿԱԻՆ շարահրապարակում միջոցառման հյուրերին ներկայացրեցին հատուկ ավտոմեքենայի և տրամադրվող սարքավորումների տեխնիկական զինվածությունն ու հնարավորությունները:
Մեքենան նախատեսված է կենսաբանական աղետի վայրում դաշտային աշխատանքներ իրականացնելու և անձնակազմի անվտանգ գործունեությունն ապահովելու համար:
Այն մասնավորապես զինված է հատուկ ջերմապահպան սառնարանով՝ նյութերի կենսաբանական կառուցվածքը պահպանելու համար, հոսանքի գեներատորով, տարատեսակ նյութերի և ասեպտիկ տարաների տեղափոխման համար նախատեսված հարմարություններով ու սարքավորումներով:
Հատուկ մեքենան ահազանգից հետո կարձագանքի 10-15 րոպեի ընթացքում և կսպասարկի հանրապետության բոլոր մարզերը: