211652_close_icon
views-count1916 դիտում article-date 18:03 07-09-2015

Հայկական արվեստի փառատոն Ռումինիայի Տրանսիլվանիայի մարզի Գեորգեն քաղաքում

Սեպտեմբերի 4-ից 6-ը Ռումինիայի Գեորգեն (պատմական հայաբնակ Ջուրջով) քաղաքում անցկացվեց Հայկական արվեստի փառատոնի 5-րդ թողարկումը, որը կազմակերպվել էր Գեորգենի Հայ կաթոլիկ միության և թեմի, Տրանսիլվանիայի հունգարահայերի միության, Հարգիտայի նահանգային խորհրդի և Ռումինիայի Հայոց միության համատեղ ջանքերով։ Փառատոնի հանդիսավոր բացումը կատարվեց սեպտեմբերի 4-ի երեկոյան Գեորգենի հայ կաթոլիկ եկեղեցում, որտեղ ելույթ ունեցան Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Հարգիտայի նահանգային և Գեորգենի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Հունգարիայի խորհրդարանի հայ փոքրամասնության ներկայացուցիչ Թամաշ Թուրգյանը: Փառատոնի շրջանակներում Ռումինիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո անցկացվեց հայագիտական գիտաժողով «Տրանսիլվանիայի հունգարահայերը. Անցյալը, ներկան և ապագան թեմայով», որին բացման խոսքով հանդես եկավ դեսպան Գասպարյանը: «Հայաստանը մեծապես կարևորում է աշխարհով մեկ սփռված հայկական մշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրման և ներկայացման հարցերը: Այդ ժառանգությունը, հատկապես եվրոպական տարածքում, մաս է կազմում ընդհանուր այն արժեքների, որ մենք այսօր համատեղ կիսում ենք: Այդ ժառանգությունը հարստացնում է նաև դրանց կրողների ինքնությունը», - իր խոսքում նշեց դեսպանը: Նշելով, որ այսօր բոլորիս համար ամենակարևոր անելիքն այդ ժառանգությունը երիտասարդ սերունդներին փոխանցելու հարցն է, փոխանցման արդյունավետ ձևեր գտնելը, դեսպանն ընդգծեց, թե այդ առումով Հայաստանի հետ գործնական կապեր հաստատելը պետք է դառնա Տրանսիլվանիայի հայկական միությունների գործունեության առանցքային ուղղություններից մեկը: Դրան կարող է նպաստել Գեորգենի և Ալավերդի քաղաքի միջև բարեկամության պայմանագիրը, որը ստորագրվել է անցյալ տարի և որի դրույթները նախատեսում են հատկապես երիտասարդության միջև զանազան կապերի խրախուսումը: Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան պատմաբան, պրոֆեսոր Դեժո Գարդան, պրոֆեսոր Պիրոշկա Ջոթյան-Կրայչիրը Բուդապեշտից, դոկտոր Աթիլա Պուշկաշը, Սեբեստիեն Ֆորիկան, Ջուլյա Բալինտը և այլք: 19-րդ դարավերջի հունգարահայ մամուլին նվիրված հատուկ զեկույցով հանդես եկավ Երևանից ժամանած Անահիտ Սիմոնյանը: Զեկույցներ հնչեցին նաև հունգարահայ հայտնի նկարիչ Զոլտան Նուրիձանիի մասին: Եռօրյա փառատոնի շրջանակներում Գեորգենի հայկական մշակութային կենտրոնում ցուցադրվեցին նկարչուհի Հերմոնե Մարթայանի, ժողովրդական վարպետներ Տոնի Անջիի և Գյուլա Բիրոյի գործերը: Առանձին սրահում ներկայացվեց Ռուբեն Գալիչյանի պատմական Հայաստանի քարտեզների հավաքածուն: Փառատոնի առանցքային միջոցառումներից էր սեպտեմբերի 5-ին ռումինահայ նշանավոր ջազի վարպետ Հարրի Դավիդյանի համերգը: Նախորդ օրը Գեորգենի հայ կաթոլիկ եկեղեցում փառատոնի բացմանը ելույթ էր ունեցել նաև «Lux Aurumque» երգչախումբը: Փառատոնի այս տարվա թողարկումը ուշադրությունը բևեռել էր երիտասարդության հետ աշխատանքի վրա` կազմակերպելով տեղի հայ երիտասարդների միջազգային ճամբար, որի ծրագրի մեջ ընդգրկված էին Գեորգենում և շրջակայքում հայկական հետքերի որոնման, հայկական արմատներին, մշակույթին և ավանդույթներին ծանոթացման կետեր: Փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 6-ին մշակութային համագործակցության հուշագիր ստորագրվեց Գեորգենի Հայ կաթոլիկ միության և Բուդապեշտի 15-րդ թաղամասի տեղական խորհրդի ու նույն թաղամասի հայկական փոքրամասնության միջև: Սեպտեմբերի 6-ին Գեորգենի հայ կաթողիկե եկեղեցում Տրանսիլվանիայի կաթոլիկ հայերի առաքելական կառավարիչ, եպիսկոպոս Գիորգի Յակուբինիի մասնակցությամբ մատուցվեց հանդիսավոր պատարագ։

Նմանատիպ նյութեր