211652_close_icon
views-count972 դիտում article-date 23:16 08-09-2014

Հայկական օրեր Տրանսիլվանիայի Գեորգեն քաղաքում

Սեպտեմբերի 5-7-ը Տրանսիլվանիայի Գեորգեն (պատմական հայաբնակ Ջուրջով) քաղաքում անցկացվեց Հայկական արվեստի 4-րդ փառատոնը, որը կազմակերպվել էր Գեորգենի Հայ կաթոլիկ միության, Տրանսիլվանիայի հունգարահայերի միության, Գեորգենի հայ կաթողիկե թեմի և Գեորգենի քաղաքային թանգարանի համատեղ ջանքերով։ Փառատոնի շրջանակներում, Հայաստանի դեսպանության հովանու ներքո և պատմաբան, պրոֆեսոր Դեսո Գարդայի կազմակերպմամբ անցկացվեց հայագիտական գիտաժողով 17-20-րդ դարերում Տրանսիլվանիայի հայերի պատմությունն ու ինքնության խնդիրների վերաբերյալ: Բացման խոսքում Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը նշեց. «Մեր ժողովուրդներին վիճակվել է երկար դարեր միասին ապրել և միմյանց ճանաչել Հռոմի, Բյուզանդիայի և Օսմանյան կայսրության ժամանակաշրջաններից: Ավելի ուշ շրջանում Մոլդովայի և այնտեղից Տրանսիլվանիա տեղափոխված հայերի պատմությունն առավել հայտնի է: Դրա մասին շատ է գրվել և գրվում: Այսօր մեզ համար հետաքրքիր է իմանալ, թե ինչ է տվել ռումինահայկական և հունգարահայկական այդ խառնուրդը, ի՞նչ ձևով է այն զգացվում ռումինական և հունգարական իրականության մեջ: Խոսքը հայ կամ հայկական ծագումով անհատների մասին չէ, որոնք շատ են և որոնցից ոմանք հայտնի են շատերին, այլ հայկական մտածողության, հայկական ոճի, հայկական ազդեցությունների մասին է, որոնք արդի համակարգված հետազոտությունների կարիք ունեն»,- ասաց դեսպան Գասպարյանը Կոնֆերանսին զեկույցներով հանդես եկան անվանի պատմաբաններ և հայագետներ Կլոդ Մութաֆյանը (Փարիզ), Շանդոր Օզեն (Բուդապեշտ), Հունգարական Ակադեմիայի անդամ Շանդոր Պալը, Զոլթ Մագյարը, Շարոլտա Իշեկուցը, Իշտվան Շարանը, Մարիա Պողոսը, Սիլարդ Սեկելին: Գեորգեն կատարած այցի շրջանակներում դեսպան Գասպարյանը հանդիպում ունեցավ քաղաքապետ Յանոշ Մեզեյի հետ: Կարևորելով Գեորգենի հայ համայնքի պատմական դերը քաղաքի զարգացման գործում` քաղաքապետ Յանոշ Մեզեյն իր լիակատար աջակցությունը հայտնեց հայկական ավանդույթների և ինքնության պահպանման ուղղությամբ տեղական հայկական կազմակերպության գործունեությանը: Եռօրյա փառատոնի շրջանակներում Գեորգենի հայկական մշակութային կենտրոնում ցուցադրվեցին Լասլո Դուհայի փայտագործական, Անամարիա Մոլնարի խեցեգործական, Գիտկա Մարգիտ Չիկի կերամիկայի հավաքածուները, Կլուժից բերված 19-20-րդ դարերի հայկական ձեռագործ գորգերի հավաքածուն, Ակոշ Ռոմֆելդի լուսանկարչական գործերը և այլն: Փառատոնը զուգորդվեց համայնքային նշանակության հոբելյանական մի շարք միջոցառումներով, այդ թվում՝ հանդիսությամբ նշվեցին տեղի հայ կաթոլիկ եկեղեցու հիմնադրման 280-ամյակը, հայկական հոգևոր երգչախմբի 25 և Գեորգենի Հայ-կաթոլիկ միության 5-ամյակները: Տեղեկանք. Գեորգենը Տրանսիլվանիայի հնագույն հայաբնակ բնակավայրերից է, ուր հայերը հաստատվել են դեռևս 17-րդ դարի վերջում, հիմնել եկեղեցի, դպրոց, ակումբներ և առևտրական ու արհեստագործական հաստատություններ: Հայերի շնորհիվ աննշան բնակավայրը ժամանակին արագորեն դարձել է շրջանի զարգացած առևտրաշահ քաղաքներից մեկը: Քաղաքի հայկական հարստությունները մեծապես տուժել են հետպատերազմյան շրջանում` անցյալ դարի 50-60-ական թվականներին, երբ հայերից խլվել են կալվածքները և իրենց իսկ կառուցած շքեղ շենքներն ու հաստատությունները: Այսօր Գեորգենում դեռևս ապրում են մոտ 600 հայ կաթոլիկներ, գործում են աշխարհիկ և հոգևոր միություններ:

Նմանատիպ նյութեր