Գյումրին 13-րդ անգամ տոնում է քաղաքի օրը (լուսանկարներ)
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, «Գյումրու օր» տոնակատարության միջոցառումների մեկնարկը տրվեց հիմնանորոգված Ջիվանու փողոցի բացման հանդիսավոր արարողությամբ, որին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ` Արտաշես Բախշյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, պաշտոնյաներ, արվեստագետներ և քաղաքացիներ:
Այս փողոցը տասնամյակներ շարունակ չի նորոգվել և միայն այս տարի այն ընդգրկվեց տեղական բյուջեով փողոցաշինության ծրագիր: Այս տարին Գյումրիում նշանավորվեց փողոցաշինության զգալի աճով, միայն վերջին երկու շաբաթների ընթացքում իրար հետևից շահագործման հանձնվեցին հիմնանորոգված փողոցներ:
Քաղաքի օրվա միջոցառումների շրջանակներում հյուրերը մասնակցեցին ցուցահանդեսի «Սթիլ» և Ասլամազյան քույրերի պատկերասրահներում, Մ.Մկրտչյանի, Ավ. Իսահակյանի և Հ. Շիրազի թանգարաններում: Տոնակատարության շրջանակներում միջոցառումները շարունակվում են:
Այսօր ԱՊՀ մշակութային և 2016 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գյումրին 13-րդ անգամ տոնում է քաղաքի օրը: Ամենամյա տոնակատարություններն ընդգրկել են քաղաքի բոլոր հատվածները: Վաղ առավոտից Գյումրիի մշակութային օջախներում և հասարակական վայրերում տեղի են ունենում տարբեր միջոցառումներ, թատերականացված ներկայացումներ և համերգային ծրագրեր: Ավ. Իսահակյանի հուշատուն-թանգարանում տեղի ունեցավ Լևոն Մութաֆյանի «Հարյուր տարի և կես դար» գրքի շնորհանդեսը, որի հրատակամանը աջակցել էր Գյումրու քաղաքապետարանը: Հովհ. Շիրազի հուշատուն թանգարանում տեղի ունեցավ Արհեստների՝ ավանդական դարձած փառատոնը: Գյումրիի տարբեր հատվածներում միջոցառումները կշարունակվեն մինչև երեկո, որից հետո տեղի
կունենա համերգային ծրագիր Գյումրու Կենտրոնական հրապարակում: