Բնապահպանության նախկին նախարարի ընկերությունը սնանկացել է ու կանգնել դատարանի առաջ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Սպանդարյաին բազալտի հանքը շահագործող «Ընդերքարեր» ՍՊԸ-ն սնանկացման եզրին է. ի թիվս այլ պարտավորությունների, այն ժամկետանց պարտքեր ունի նաեւ Երեւան համայնքին: Այս ընկերությունը կապվում է բնապահպանության նախկին նախարար, ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի անվան հետ:
Մեր ունեցած տեղեկություններով, «Ընդերքարեր» ընկերությունը հիմնվել է Արամ Հարությունյանի բնապահպանության նախարար նշանակվելուց մեկ տարի անց՝ 2008 թվականին, հիմնադիրը նախարարի եղբայր Արայիկ Հարությունյանն է: Սակայն երկու տարուց ավելի է, ինչ ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի: Ավելին, ընկերության դեմ մի քանի դատական հայցեր կան: Շատերն ընկերության խնդիրները կապում են Արամ Հարությունյանի՝ նախարարի պաշտոնից ազատվելու հետ»: