2035 դիտում
17:57 17-08-2015
Հայկական միջոցառումներ Ռումինիայի Ռոման, Բոտոշան և Սուչավա քաղաքներում
Օգոստոսի 14-ին Դիլիջանի հետ եղբայրացած Ռոման քաղաքում Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օծմամբ բացվեց Ռումինիայի Հայոց միության Ռոմանի մասնաճյուղի գրասենյակը: Միջոցառմանը ներկա էին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռոմանի քաղաքապետ Լորենցիու Դան Լեորեանուն, Ռումինիայի Հայոց Միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը:
Ռոմանի քաղաքապետ Լորենցիու Դան Լեորեանուն և դեսպան Համլետ Գասպարյանն իրենց ելույթներում ընդգծեցին Դիլիջանի և Ռոմանի միջև եղբայրացման գործընթացի և Ռոմանում Հայոց միության մասնաճյուղի հիմնման փոխադարձ կարևորությունն ու համագործակցության հեռանկարները՝ հույս հայտնելով, որ նորաբաց մասնաճյուղը յուրատեսակ կամուրջ կդառնա երկու քաղաքների միջև մշակութային, կրթական և այլ ծրագրերի իրականացման համար:
Օգոստոսի 15-ին Բոտոշանում, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպս Հակոբյանի ձեռամբ օծվեց քաղաքի հայկական հնամյա գերեզմանատան Բարի Ավետման մատուռը, որը նորոգվել էր հայազգի բարերար տիկին Էմանուելա Կոկոտա Ֆերհաթյան Գոյլավի օժանդակությամբ:
Նույն օրը ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը, դեսպան Համլետ Գասպարյանը և պատգամավոր Վարուժան Փամբուկչյանն այցելեցին մոտակա Դումբրավեն քաղաք (Սուչավայի նահանգ), որտեղ քաղաքապետ Իոան Պավալի հրավերով քաղաքային ժողովասրահում ելույթ ունեցան ռումինահայոց պատմության, հայկական հոգևոր և մշակույթային ավանդությունների մասին:
Նույն օրը Սուչավա քաղաքի հայկական 500-ամյա Սուրբ Սիմեոն եկեղեցու հարակից տարածքում տեղի ունեցավ Հայաստանից բերված խաչքարի օծման արարողությունը, որին հետևեց քաղաքի մեկ այլ՝ Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված ժամերգությունը:
Սուչավայի Հայոց միության մասնաճյուղի սրահում բացվեց ազգագրագետ Կորինա Դերլայի կազմակերպած ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին Սուչավայի հայ համայնքին, մասնավորապես, հայկական դպրոցին ու մանկատանը վերաբերող արխիվային փաստաթղթեր և ժամանակին Հայոց ցեղասպանությանը տեղական մամուլի անդրադարձները: Ցուցահանդեսին ներկայացվեց նաև «Սուչավայի հայկական ազգային մասնավոր դպրոցը» գիրքը:
Օգոստոսի 16-ի առավոտյան սկսվեց Սբ.Աստվածածնի վերափոխման տոնի ավանդական ուխտագնացությունը Սուչավայի Հաճկատար վանք, որին մասնակցում էին հարյուրավոր հայ և տեղացի ուխտավորներ: 500-ամյա վանքում Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանի կողմից մատուցված Աստվածածնի վերափոխման տոնի Սբ. Պատարագին ներկա էին Ռումինահայոց միության ղեկավարությունը, դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Արջեշ նահանգի նահանգապետ Ֆլորին Տըկաուն:
Պատարագից հետո կատարվեց խաղողօրհնեքը, որից հետո ուխտավորներին մատուցվեց մատաղ` ավանդական ականջապուրի համտեսմամբ:
Միջոցառումների ընթացքը լուսաբանում էին կենտրոնական և տեղական մամուլն ու հեռուստատեսությունը: «Այս վայրի յուրահատկությունն այն է, որ այստեղ ուխտագնացության են գալիս ոչ միայն հայերը, այլև ռումինացիները և սա ևս մեկ վկայություն է երկու ժողովուրդների բարեկամության: Քանզի ունենք ընդհանուր անցյալ և հուսով եմ, նաև ընդհանուր ապագա», դեսպան Գասպարյանի խոսքերն է մեջբերում ռումինական մամուլը:
Տեղեկանք. Սուչավան, Բոտոշանը և Ռոմանը հայկական հազարամյա ներկայության վայրեր են: Բոտոշանում առաջին քարե հայկական եկեղեցին կառուցվել է 1350թ., որ դեռևս կանգուն է: 1401թ. Սուչավայում հաստատվել է Հայոց եպիսկոպոսական աթոռը:
Հայերը մեծապես նպաստել են այդ քաղաքների և ամբողջ պատմական Մոլդովայի զարգացմանը: Մեծ պատմաբան Նիկոլաե Յորգան հայերին համարում է «Մոլդովայի հայրեր»: Սուչավայում, Բոտոշանում և Ռոմանում դեռևս ապրում են հայկական տոհմիկ գերդաստանների սերունդներ, որոնք հայտնի անուններ են եղել ռումինական կյանքի տարբեր ոլորտներում:
Նմանատիպ նյութեր
2104 դիտում
17:57 17-08-2016
Ռումինիայի Սուչավա քաղաքում հայկական միջոցառումներ են անցկացվել
Այս բաժնից
733 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
820 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2143 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա