ԼՂՀ ԱԺ նախագահը ներկա է գտնվել «Շիրակ-Արցախ էքսպո 2015»-ին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 3-ին ներկա է գտնվել Շուշիում անցկացվող «Շիրակ-Արցախ էքսպո 2015» ցուցահանդեսի բացմանը: ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների աջակցությամբ իրականացված ցուցահանդեսը նպատակ ունի փորձի փոխանակման միջոցով նպաստել Արցախի երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը:
Խորհրդարանի նախագահը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Ն. Աղաբալյանի ուղեկցությամբ շրջել է ՀՀ Շիրակի մարզի եւ Արցախի երիտասարդական հասարակական կազմակերպությունները ներկայացնող տաղավարներով եւ ծանոթացել յուրաքանչյուրի գործունեությանն ու հետագա ծրագրերին:
Ցուցահանդեսին հաջորդած քննարկմանը Ա. Ղուլյանը երիտասարդներին ներկայացրել է ԼՂՀ սոցիալ-քաղաքական իրավիճակը եւ ՀԿ-ների ներգրավվածությունը նշված ոլորտներում առկա հիմնախնդիրների լուծմանը:
Երիտասարդների աջակցության, բազմազավակ ընտանիքների սոցիալական ապահովվության եւ այլ թեմաների շուրջ էին «Շիրակ-Արցախ էքսպո 2015»-ի մասնակիցների` խորհրդարանի նախագահին ուղղած հարցերը:
Հանդիպման ավարտին Ա. Ղուլյանը համոզմունք է հայտնել, որ նման հանդիպումները երկուստեք համագործակցության խթան կհանդիսանան եւ ԼՂՀ ՀԿ-ներին ավելի ճանաչելի կդարձնեն միջազգային կառույցներին ու ծրագրերին: