2664 դիտում
16:59 03-07-2015
Երևանի Շիրակի փողոցը երկարացնելու են
Շենգավիթ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվող ճանապարհաշինական ծրագրի ընթացքին, որի համաձայն նախատեսվում է երկարացնել Շիրակի փողոցը, ինչպես նաև լայնացնել, վերակառուցել Արտաշատի խճուղին: Վերոնշյալ ծրագրի նպատակը միջազգային չափանիշներին համապատասխանող Երևանի հարավային ավտոճանապարհային դարպաս ունենալն է:
Երևանի քաղաքապտարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրի երկրորդ փուլով իրականացվող վերոնշյալ ճանապարհահատվածի շինարարության շրջանակներում 8-9 մետր բարձրությամբ լիցքի վրա կկառուցվի շրջանաձև երթևեկությամբ ճանապարհ, որը կկապի Արշակունյաց պողոտան Շիրակ փողոցին։ Լիցքի մեջ կկառուցվեն 2 թունելային ուղեանցեր՝ երկաթուղու և Նորագավիթ 1-ին փողոցի երթևեկությունն ապահովելու համար։ Արտաշատի խճուղու երկաթուղային գծանցի վրայով կկառուցվի 270 մ երկարությամբ և մոտ 9 մ բարձրությամբ էստակադա։ Նշվել է նաև, որ ճանապարհների հանդիպակաց երթևեկելի գոտիները տարանջատվելու են «նյու ջերսի» տիպի երկաթբետոնե կառուցվածքներով։
Առանձակի կարևորելով մայրաքաղաքում ճանապարհաշինական խոշոր ծրագրերի իրականացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երթևեկության կանոնակարգմանն ուղղված քաղաքապետարանի ծրագրի բաղկացուցիչ մասը կազմող շրջանցիկ նոր ճանապարհների կառուցման ուղղությամբ այսօր լուրջ քայլեր են ձեռնարկվում:
«Վստահ եմ՝ բոլորդ կհամաձայնեք, որ մայրաքաղաքի կենտրոնի ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափման հետ կապված մենք այսօր լուրջ խնդիր ունենք: Ըստ այդմ, վերջին տարիներին մեր կողմից իրականացվող ճանապարհաշինական խոշոր ծրագրերը հենց այդ համատեքստում են: Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում Շենգավիթ վարչական շրջանում իրականացվող մոտ 5 կմ ճանապարհաշինական այս ծրագիրը ևս այդ համատեքստում է: Դեռ նախորդ տարի այս ծրագրի առաջին փուլով ամբողջովին վերակառուցվեց Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած 1.3 կմ հատվածը, որի շրջանակում լայնացվեց այդ հատվածը, ամբողջությամբ փոխվեցին ենթակառուցվածքները՝ ջրագծեր, կոյուղատարներ, էլեկտրագծեր, նաև եվրոպական չափանիշների համաձայն արդիականացվեց ճանապարհի լուսավորության համակարգը՝ այն վերազինելով էներգախնայող LED տիպի լուսատուներով։ Այժմ ընթանում են ծրագրի 2-րդ փուլի շինարարական աշխատանքները, որոնք սկսվել են այս տարվա հունվար ամսից: Ըստ այդմ նախատեսվում է երկարացնել Շիրակի փողոցը, ինչպես նաև լայնացնել, վերակառուցել Արտաշատի խճուղին: Այս հատվածում բնակվող մեր համաքաղաքացիների հարմարավետությունը, ինչպես նաև սպասարկումն ապահովելու համար Արշակունյաց պողոտայում և Արտաշատի խճուղում բնակելի թաղամասերին կից կկառուցվի նաև սպասարկման ճանապարհ՝ հավելյալ երթևեկելի գոտով, բացի այդ, նաև վերգետնյա հետիոտնային անցում»,- ընդգծել է քաղաքապետը:
Քաղաքապետը շրջել է շինհրապարակում, զրուցել շինարարների հետ: Հետևելով իրականացվող աշխատանքների ընթացքին` Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել աշխատանքների որակի ապահովման ուղղությամբ: Տեղում՝ մանրակերտի վրա, քաղաքապետին ներկայացվել են նաև ճանապարհի ներկա փուլի շինարարության մանրամասները:
«Այս փուլի շինարարական ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել 2016թ. ամռանը, որի արդյունքում կունենանք ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող, անընդհատ երթևեկությամբ ճանապարհ, որը մայրաքաղաքը կկապի Արարատի մարզին: Այդպիսով մենք, ըստ էության, արդեն կունենանք մայրաքաղաքի հարավային ավտոճանապարհային դարպաս, ինչը տասնամյակներ շարունակ չենք ունեցել և որպես այդպիսին ծառայել է Նորագավիթի միջով անցնող տեղական նշանակության նեղ ճանապարհը:
Ի դեպ, մեր հեռահար նպատակը Երևանի ավտոճանապարհային երեք կարևոր դարպասներն իրար կապող և մայրաքաղաքի կենտրոնը շրջանցող ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող մեկ միասնական շրջանցիկ ճանապահ ունենալն է: Ըստ այդմ, ծրագրի հաջորդ փուլի հաստատումից հետո այն կշարունակվի և Շիրակի փողոցի Կարմիր բլուրին հարող հատվածից Հրազդան գետի վրա կառուցվող նոր կամրջով, Արգավանդի խճուղով, Բաբաջանյան և Տիչինայի փողոցներով կհասնի մինչև Աշտարակի խճուղի և Դավիթաշեն թաղամաս, ու այդպիսով կունենանք մայրաքաղաքի կենտրոնը շրջանցող ավտոճանապարհ։ Սա հնարավորություն կտա Արտաշատի, Աշտարակի և Զովունու խճուղիները մեկ ընդհանուր ճանապարհով կապել իրար: Եվ այս՝ Արշակունյաց պողոտայի, Արտաշատի խճուղու վերակառուցումը, ինչպես նաև Շիրակի փողոցի երկարացումը կկազմեն Երևանի արևմտյան հատվածի շրջանցիկ ճանապարհի մի մասը, որի ամբողջական կառուցման արդյունքում զգալիորեն կբեռնաթափվեն Երևանի կենտրոնական փողոցները»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Պատասխանատուները քաղաքապետին վստահեցրել են, որ ճանապարհի կառուցման աշխատանքները կավարտեն նախատեսված ժամկետում: Նաև նշվել է, որ ավտոճանապահի այն հատվածներում, որտեղ առկա են եղել մասնավոր հողատարածքներ կամ գույք, սեփականատերերին տրվել և տրվում է համարժեք փոխհատուցում։
Նմանատիպ նյութեր
2330 դիտում
09:38 10-05-2016
ԱԱԾ-ն կրկին դիմել է դատարան՝ Գառնիկ Մարգարյանի խափանման միջոցը երկարացնելու համար. «Իրավունք»
2050 դիտում
21:39 11-05-2016
Դիմում է ներկայացրել՝ երկարացնելու կեղծ անձնագրի՝ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը
2557 դիտում
09:33 27-05-2016
Ջնդի Ամարյանի կալանքը երկարացնելու համար դիմել են դատարան. «Իրավունք»
Այս բաժնից
766 դիտում
11:29 11-01-2025
Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը
847 դիտում
11:15 11-01-2025
1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. քրեական վարույթը հանձնվել է դատարան
715 դիտում
10:42 11-01-2025
Աբովյանի և Նաիրիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է