Խորհրդակցություն ՏԿԱԻՆ-ում
Հունիսի 29-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը զեկուցեց անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 690 դեպքի:
ՀՀ ՏԿԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը զեկուցեց մարզերում գազալցակայանների ստուգումների արդյունքների մասին:
Նախարարը կրկին հորդորեց հետևողական լինել՝ մշտապես վերահսկողության կենտրոնում պահելով գազալցակայանների գործունեությունը:
Խորհրդակցությանը ՍՊԾ պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց ՀՀ-ում Իտալիայի դեսպանատանը կազմակերպված ուսումնավարժանքին մասնակցության մասին: Ծառայության մասնագետները սեյսմիկ պաշտպանության ոլորտին առնչվող դասընթացներ են անցկացրել դեսպանատան աշխատակիցների համար:
ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Լ. Վարդանյանը զեկուցեց ընթացիկ աշխատանքների մասին, ներկայացրեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը: ՀՕԿ-ի Կամավոր համագործակցության ծրագրի շրջանակներում Հիդրոմետ ծառայությունը ստացել է գերմանական արտադրության ջերմաչափեր, որոնք հնարավորություն են տալիս չափել հողի և ջրի ջերմաստիճանը: Նույն ծրագրի շնորհիվ ձեռք է բերվել նաև լեհական արտադրության 200 տեղումնաչափ, որոնք հնարավորություն կտան ֆերմերների համար կազմակերպել ագրոկլիմայական շարժական սեմինարներ:
Ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանը ներկայացրեց առաջիկա միջոցառումները: Նախատեսվում է կազմակերպել հայ-վրացական կապերի մասին վիրտուալ ցուցահանդես:
ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանների աշխատանքի մասին: Ընդհանուր առմամբ՝ գործել է 411 հակակարկտային կայան, իրականացվել է մոտ 85 000 կրակոց:
Միգրացիոն ծառայության պետ Գ. Եգանյանը ներկայացրեց շաբաթվա ընթացքում ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների և ապաստանի հարցով դիմած քաղաքացիների մասին ամփոփ տվյալները:
Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի տնօրեն Մ. Պողոսյանը զեկուցեց Տավուշի մարզի Կոթի համայնքում կազմակերպվող աշխատանքների մասին: Նախարարին զեկուցվեց նաև հունիսի 25-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեկում տեղի ունեցած «Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ազգային պլատֆորմեր. Պատրաստվածության և կանխարգելման կոնտեքստում համագործակցության և համակարգման հզորացում» ծրագրի ամփոփիչ միջոցառման մասին, որի ընթացքում փոխհամագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի և Գերմանիայի ԱՌՆ ազգային պլատֆորմների միջև:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։ Լոռիի մարզային փրկարար վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ. Անտոնյանը զեկուցեց հաշմանդամների Հանրապետական մարզական փառատոնին սայլակավոր հաշմանդամ աշխատակցի ձեռքբերման մասին: Բազկամարտ մարզաձևում նախարարության աշխատակից Հարություն Մխիթարյանը լավագույնն է ճանաչվել՝ գրավելով առաջին տեղը:
ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը հանձնարարեց նախարարության արհմիությանը` կազմակերպել աշխատակիցների երեխաների ամառային հանգիստը մանկական ճամբարում: