1088 դիտում
16:35 24-06-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարն Արարատի մարզում էր. ծիրանի արտահանման գործընթացը շարունակվում է
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման գործընթացի կազմակերպման աշխատանքները դիտարկելու նպատակով այցելել է «Սպայկա» ընկերություն, ինչպես նաև Արարատի մարզի Ներքին Դվին, Աբովյան և Ջրաշեն համայնքներ:
Սկզբում նախարարը «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի ուղեկցությամբ շրջել է ընկերության սառնարանային տնտեսություններում, հետևել ծիրանի բեռնման գործընթացին: Ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանի տեղեկացմամբ` ընթացիկ տարին առանձնանում է առատ բերքով, և ընկերությունը նախատեսում է մինչև տարեվերջ եռապատկել արտահանման ծավալները: Միաժամանակ նա հավելել է, որ ընկերությունն արդեն իսկ արտահանել է 20 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն:
Այնուհետև նախարարը մեկնել է Արարատի մարզի Ներքին Դվին համայնք, որտեղ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղեկցությամբ եղել է ֆերմեր Գևորգ Նազարյանի ծիրանի այգիներում, որոնց ընդհանուր տարածքը կազմում է 5 հեկտար: Նա նշել է, որ անձամբ է զբաղվում իր այգու բերքի արտահանմամբ, ինչի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնությունում արդեն կան համապատասխան պայմանավորվածություններ: Գոհունակություն հայտնելով այս տարվա ծիրանի բերքի քանակից և որակից` ֆերմերը հույս է հայտնել, որ ընթացիկ տարվա ծիրանի բերքը կկազմի մոտ 60-70 տոննա:
Նախարարի հաջորդ կանգառը Ջրաշեն համայնքում էր, որտեղ 3 հեկտար հողատարածքում ծիրանի մշակությամբ զբաղվող ֆերմեր Գրիգոր Վարդանյանը հայտնել է, որ ակնկալում է արտահանել մոտ 10 տոննա ծիրան:
Այցելած համայնքներում գյուղացիները նախարարի հետ զրույցում նշում էին, որ գոհ են նաև ծիրանի մթերման գնից` 1 կիլոգրամը հենց այգում գնվում է 450-500 դրամով:
Լրագրողների հետ զրույցի ժամանակ նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ ընթացիկ տարում գոհացուցիչ են ոչ միայն ծիրանի արտադրության, այլև արտահանման ծավալները:
« Հանրապետությունից օրական շուրջ 1000 տոննա ծիրան է արտահանվում, և արդեն իսկ արտահանվել է 5500 տոննա : Այս տարի Ուզբեկստանում, որը Ռուսաստանի Դաշնություն ծիրանի մեծածավալ արտահանումներ էր իրականացում, բերքը ցրտահարվել է, և հայկական ծիրանը ռուսական շուկայում շատ ավելի մեծ պահանջարկ ունի», - նշել է նախարարը:
Նախարարի խոսքով` ընդհանուր առմամբ, այս տարի Հայաստանից արտահանվել է շուրջ 30 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 24 300 տոննայի դիմաց:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ մի քանի օրից մթերող ընկերություններում կսկսվի ծիրանի մթերման գործընթացը:
Գոհունակություն հայտնելով նաև մարզի ընդհանուր ցուցանիշներից` Սերգո Կարապետյանը նշել է նաև, որ մարզն այս տարի շուրջ 1000 հեկտարով ավելացրել է ցանքատարածությունների մշակությունը` հասցնելով 24 հազար հեկտարի: Ներկայումս մշակվում է մարզի վարելահողերի 91 տոկոսը:
Նմանատիպ նյութեր
5114 դիտում
21:23 11-07-2018
Ծիրանի արտահանման ծավալներն ավելացել են ավելի քան մեկուկես անգամ
677 դիտում
19:16 27-11-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունեց Արգենտինայի գյուղատնտեսության նախարարության պատվիրակությանը
1606 դիտում
15:30 24-12-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ամփոփել է 2014 թվականի արդյունքները գյուղատնտեսության ոլորտում
Այս բաժնից
985 դիտում
20:05 10-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին
1051 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
676 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում