Վիկտոր Յանուկովիչը վերջին մեկուկես տարում առաջին անգամ պատասխանել է արևմտյան լրատվամիջոցի հարցերին
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը վերջին մեկուկես տարում առաջին անգամ պատասխանել է արևմտյան լրատվամիջոցի հարցերին:
Բրիտանական BBC-ի առաջին հարցը 2014թ-ի փետրվարի դեպքերին է վերաբերել, երբ Կիևում տապալվել է օրինական իշխանությունը: Յանուկովիչն այն անվանել է Ուկրաինայի ողբերգություն` նշելով, որ Մայդանում արյունահեղության պատասխանատուն արմատականներն են, որ միշտ դեմ է եղել ուժի կիրառմանը: Խոսվել է նաև Ղրիմի կարգավիճակի մասին: Յանուկովիչին հարցրել են արդյոք հնարավոր է համարում Ղրիմը Ուկրաինային վերադարձնելը:
«Այսօր պետք է այս իրավիճակից դուրս գալու ուղիներ փնտրել: Ինչ եղել եղել է, դա փաստ է: Այսօր պատերազմ է ընթանում, ևս մեկ պատերազմ պետք չէ», - ասել է նա:
Դոնբասի մասին խոսելիս Ուկրաինայի նախկին նախագահը հակամարտությունը կարգավորելու Մինսկի համաձայնագիրը համարում է Ռուսաստանի վաստակը` ավելացնելով, որ Կիևը պետք է ուղիղ բանակցություններ սկսի Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչների հետ: