211652_close_icon
views-count3585 դիտում article-date 10:55 11-08-2017

ՀՀ գյուղնախարարը հետևել է մթերման ընթացքին և վերամշակող ընկերություններին ներկայացրել մթերման վարկերի տրամադրման ծրագիրը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այցով մեկնել էր Արագածոտնի և Կոտայքի մարզեր՝ պտուղ-բանջարեղենի մթերման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Արագածոտնի մարզում ՀՀ գյուղատնտեսության նախարարը մարզպետ Աշոտ Սիմոնյանի և փոխնախարար Ռոբերտ Մակարյանի ուղեկցությամբ այցելել է «Թամարա ֆրութ» ՓԲԸ, ծանոթացել ընկերության արտադրական հզորություններին, ներկայացրել նախարարության կողմից մշակված նոր ծրագրերը, որոնք ուղղված են ոլորտի բարելավմանը: Ընկերության գլխավոր տնօրեն Բորիս Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ գործարանի հիմնական ուղղվածությունը մրգի և բանջարեղենի վերամշակումն ու արագ սառեցումն է: Ընթացիկ տարում ընկերությունում գրանցվել է արտադրության ծավալների 20% աճ: Ունենալով սեփական մշակովի տարածքներ` ընկերության ղեկավարությունն առաջիկայում նախատեսում է միջոցներ ձեռնարկել ոռոգման կաթիլային համակարգի ներդրման ուղղությամբ: Բորիս Հովհաննիսյանի խոսքով՝ իրենց արտադրանքը մրցունակ է, մեծ մասն իրացվում է արտաքին շուկայում, այդ թվում` ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում, Իսրայելում և ԱՄԷ-ում: Նրա համոզմամբ` Գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված ծրագրով մթերումների դիմաց տարեկան 3% տոկոսադրույքով տրվող վարկերը կնպաստեն ոչ միայն իրենց ընկերության արտադրական հզորությունների ավելացմանը, այլև հնարավորություն կընձեռեն ընդլայնել արտահանման ծավալները: Գյուղատնտեսության նախարարն այնուհետև այցելել է «Եվրոթերմ» ՓԲԸ: Գլխավոր տնօրեն Վահե Ղազարյանը տեղեկացրել է, որ գործարանը հիմնականում մասնագիտացած է պահածոների, մուրաբաների, խյուսերի և խտանյութերի արտադրության ոլորտում: Ընթացիկ տարում մթերումների ծավալներն ավելացել են, մասնավորապես արդեն մթերվել է շուրջ 1100 տոննա ծիրան, շուտով կսկսվի դեղձի մթերման գործընթացը: Սեփական մշակովի տարածքների ոռոգման և արդյունավետության բարձրացման նպատակով 2014 թվականից ընկերությունում անցել են կաթիլային համակարգի: Գլխավոր տնօրենի խոսքով` առաջիկայում ընկերությունը մտադիր է օգտվել մթերումների դիմաց տրվող մատչելի վարկերի ծրագրից: Անդրադառնալով արտադրանքի իրացմանը` Վահե Ղազարյանը նշել է, որ արտադրված հյութերի 60%-ը և մուրաբաների ու պահածոների 90%-ն արտահանվում են, հիմնական թիրախային շուկան Ռուսաստանն է: Այցի ընթացքում Իգնատի Առաքելյանը եղել է նաև Կոտայքի մարզի «Արտաշես» և «ՎՎՎ գրուպ» ՍՊԸ-ներում, շրջել և ծանոթացել ընկերությունների գործունեությանն ու արտադրատեսակներին: Ընկերությունների ղեկավարները նախարարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել են ծրագրի կարևորությունը: Ամփոփելով այցի արդյունքները՝ նախարարը տեղեկացրել է, որ վերամշակող գործարաններն արդեն սկսել են մթերման գործընթացը, որն անցնում է սահուն կերպով և առանց խոչընդոտների: «Ընկերությունները տեղեկացվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության նոր ծրագրերի, մասնավորապես, մթերումների դիմաց մատչելի՝ տարեկան 3% տոկոսադրույքով, 1 տարի ժամկետով վերամշակող ընկերություններին մթերման վարկերի տրամադրման ծրագրի պայմանների մասին», - նշել է Իգնատի Առաքելյանը: Նախարարը նշել է, որ ծրագիրը փորձնական է, այս տարվա համար ծրագրի շրջանակում նախատեսվում է տրամադրել շուրջ 2.4 մլրդ դրամ, իսկ հաջողելու դեպքում հաջորդ տարիներին տրամադրվող գումարի չափը կավելացվի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր