211652_close_icon

Արազ Օզբիլիզի, Գաել Անդոնյանի եւ Ռուսլան Կորյանի հարցը ՀՀ կառավարության քննարկման առարկա

views-count3485 դիտում article-date 09:37 18-06-2015
Այսօր ՀՀ կառավարության նիստի օրակարգում կքննարկվի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ռուսլան Կորյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատելու, իսկ Արազ Օզբիլիզին եւ Գաել Անդոնյանին` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու հարցը: Կառավարության հիմնավորման մեջ նշվում է. «Ռուսլան Հրաչի Կորյանը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում, աչքի է ընկնում արդյունավետ խաղով, և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրա մասնակցության ապահովումը ֆուտբոլի հավաքական թիմի սպասվելիք խաղերին։ «Ռուսլան Հրաչի Կորյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ֆուտբոլի 2016 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլերին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի առաջատար ֆուտբոլիստ Ռուսլան Հրաչի Կորյանի մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ։ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի մարտի 23-ի № 251-Ա հրամանագրով 2015 թվականի ամառային զորակոչիկ Ռուսլան Հրաչի Կորյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել: Քանի որ Ռուսլան Հրաչի Կորյանի 27 տարին լրանում է 2015 թվականի հունիսի 15-ին, հնարավոր չէ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ազատել նրան պարտադիր զինվորական ծառայությունից»: Ինչ վերաբերում է Արազ Օզբիլիզին եւ Գաել Անդոնյանին, ապա կառավարության հիմնավորման փաստաթղթում նշված է. «Դանիել Իհսանի Օզբիլիզին և Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի մարտի 23-ի № 251-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել Դանիել Իհսանի Օզբիլիզին և 2015 թվականի մարտի 4-ի № 228-Ա հրամանագրով՝ Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանին, որոնք հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ազգային հավաքական թիմում: Վերոնշյալի հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ Դանիել Իհսանի Օզբիլիզին և Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանին։ Հաշվառված են Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում»:

Նմանատիպ նյութեր