19 զինծառայողների տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի գործով քրեական գործ է հարուցվել
Սիսիանի Անգեղակոթ գյուղի մոտ հունիսի 1-ին շրջված «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի գործով, որի մեջ 19 զինծառայող է եղել, քրեական գործ է հարուցվել:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը քննչական կոմիտեից տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` մարտական կամ հատուկ տրանսպորտային մեքենաները վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու դեպքի առթիվ։
ՀՀ ՊՆ թիվ N զորամասի հրաձգային գումարտակի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մ. Զաքարյանը 2015 թվականի հունիսի 1-ին՝ ժամը 06։30-ին, իրեն ամրակցված «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենայով երթեւեկել է դեպի Սյունիքի մարզի գյուղ Շաղաթ։
Նախնական տվյալներով՝ Սիսիան-Շաղաթ ավտոճանապարհին, խախտելով տրանսպորտային մեքենաներ վարելու կանոնները, կորցրել է մեքենայի կառավարումը եւ վթարի ենթարկվել, որի հետեւանքով մեքենայի թափքում եւ խցում գտնվող նույն գումարտակի զինծառայողներն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքները։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (մարտական կամ հատուկ տրանսպորտային մեքենաները վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է վնաս)։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սիսիանի Անգեղակոթ գյուղի մոտ, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, երեկ՝ հունիսի 1-ին, շրջվել է «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ 19 զինծառայող է եղել: Բարեբախտաբար զինծառայողները լուրջ վնասվածքներ չեն ստացել: Նրանք տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ: Երկուսի վիճակը բավարար է, իսկ մյուսներն ամբուլատոր բուժօգնության անհրաժեշտություն են ունեցել: