211652_close_icon
views-count2178 դիտում article-date 22:28 21-05-2015

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լատվիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական միջպետական հարաբերություններին վերաբերող հարցեր՝ գոհունակությամբ արձանագրելով, որ վերջին շրջանում նշանակալիորեն ընդլյանվել և հարստացել է հայ-գերմանական համագործակցության օրակարգը, որն ամրապնդվել է համագործակցության շուրջ վեց տասնյակ համաձայնագրով: Հանդիպման ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար: Հայաստանի Նախագահը և Գերմանիայի կանցլերն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և զարգացման հեռանկարին: Այդ հարաբերությունների խորացման գործում ՀՀ նախագահը կարևորել է ԵՄ-ում ծանրակշիռ դեր ունեցող Գերմանիայի դերը: Անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, այդ կապակցությամբ Հայաստանում և աշխարհի բազմաթիվ երկրներում՝ այդ թվում Գերմանիայում տեղի ունեցած հիշատակի և ոգեկոչման միջոցառումներին: Նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում արտահայտած դիրքորոշման համար: Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների և մարտահրավերների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:

Նմանատիպ նյութեր