211652_close_icon
views-count3307 դիտում article-date 20:56 13-05-2015

Զորավարժություն` Հայաստանի ատոմային էլեկտրակայանի տարածքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 13-ին Մեծամորում, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի տարածքում, անցկացվեց ոստիկանության զորքերի մարտավարամասնագիտական զորավարժություն, որին ներկա էին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան սպաներ: Զորավարժության սցենարով նախատեսված էր հավանական հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի հայտնաբերման և վնասազերծման հատուկ գործողությունը: Վարժանքին մասնակցում էին ոստիկանության զորքերի ստորաբաժանումներ և ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության վարչության ծառայողներ: Զորավարժությունը բաղկացած էր 2 փուլից: 1-ին փուլում հատուկ նշանակության գումարտակն իրականացնում է հակառակորդի խմբերի հայտնաբերման և վնասազերծման զորային գործողություններ ՀԱԷԿ-ի հարակից տարածքում, 2-րդ փուլում վնասազերծվում է պահպանվող օբյեկտ թափանցած դիվերսիոն հետախուզական խումբը: Վարժանքին մասնակցող ստորաբաժանումները նախատեսված ժամկետում տեղեկացրին, որ հայտնաբերել են հակառակորդին, որը փորձում է դուրս գալ շրջափակումից և մարտի մեջ է մտել մեր ստորաբաժանումների հետ: Կորուստներ տալով՝ հակառակորդը բաժանվում է մանր խմբերի և փորձում մի քանի ուղղություններով դուրս գալ շրջափակումից: Մի խումբը շարժվում է դեպի հյուսիս և մարտի բռնվում ՈԶ ստորաբաժանումների հետ: Հաջողվում է կենտրոնացված կրակի և ստորաբաժանումների կտրուկ մարտավարական գործողություններով վնասազերծել խումբը: Հակառակորդի 2-րդ խումբը վնասազերծելու նպատակով հատուկ նշանակության գումարտակի հրամանատարը մարտի մեջ է մտցնում պահեստազորը, որը ստորաբաժանումների և կրակի խուսավարման միջոցով շրջափակում ու վնասազերծում է հակառակորդին: Բայց դիվերսանտների մի փոքր խմբի հաջողվում է թափանցել ՀԱԷԿ-ի տարածք: Այդ պահից սկսվում է զորավարժության 2-րդ փուլը, և գործողության մեջ են մտնում ՀԱԷԿ-ի պահպանության առանձին գումարտակի ստորաբաժանումները: Մարտ է սկսվում պահակախմբի պահեստային խմբի և 2 դիվերսանտների միջև, որոնցից մեկը ոչնչացվում է, մյուսը` գերի վերցվում: Դիվերսանտների այս գործողությունը ուշադրություն շեղելու նպատակ ունի. այդ ընթացքում պահպանության պարագծի մեկ այլ տեղամասից օբյեկտ է թափանցում դիվերսիոն-հետախուզական 2-րդ խումբը: Հայտնաբերելով հակառակորդին՝ որոնող խումբը կենտրոնացված կրակով ստիպում է նրան նահանջել: ԴՀԽ-ն դիրքավորվում է առանձին շինության մեջ: Գումարտակի հրամանատարը որոշում է կայացնում հակառակորդին վնասազերծելու համար հատկացնել ԿՀԴՊ ԳՎ ՀՆՎ ձերբակալման խումբը, որը զրահատեխնիկայի աջակցությամբ մոտենում է շինությանը և վնասազերծում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը: Այնուհետև ստորաբաժանումները զննություն են կատարում գործողության ողջ տարածքում՝ հակառակորդի խմբի հետախուզական և դիվերսիոն միջոցները հայտնաբերելու նպատակով: Զորավարժության ղեկավարի ազդականչով հայտարարվում է զորավարժության ավարտը: Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց առաջադրված մարտավարամասնագիտական խնդիրների կատարման մակարդակը: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի և ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի հրամաններով պարգևատրվեցին զորավարժության ընթացքում մարտական և մասնագիտական պատրաստականությամբ աչքի ընկած զինծառայողները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր