29757 դիտում
16:41 13-05-2015
Արարատի «մեծն» մարզպետը արդյո՞ք հետևություններ կանի. պարզվել է՝ ողբերգական վթարի ժամանակ շտապ օգնության վարորդը եղել է խմած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Գրիգոր Ղազարյանի կողմից նշանակված բժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ մարտի 14-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով 2 վարորդներից շտապ օգնության վարորդ, 62-ամյա Հրաչ Կարապետյանը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում, իսկ մյուս ավտոմեքենայի՝ բեռնատար Газель-ի վարորդ, Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ, 36-ամյա Արամայիս Հակոբյանը եղել է սթափ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին քննիչը սպասում է, որպեսզի ստանա ավտոտեխնիկական փորձաքննության պատասխանը, որից հետո կհստակեցվի, թե նշված վթարի մեջ որ վարորդն է եղել մեղավոր, բայց որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը վթարի օրը հիվանդանոցում ու մարզպետարանում կուրծք ծեծելով հայտարարում էր մարդկանց մոտ, թե շտապ օգնության վարորդը եղել է սթափ, հերքվել է բժշկական փորձաքննությամբ ու հիմա «մեծն» մարզպետը հետևություններ պետք է անի, թե ինչո՞ւ է շտապ օգնության վարորդը այդ վիճակում բարեհաճել աշխատանքի վայր ու անգամ կանչով մեկնել դեպքի վայր, ինչի հետևանքով էլ տեղի ունեցավ աղմկահարույց ու ողբերգական վթարը և մահացավ առողջապահության համակարգում և մարզում մեծ ճանաչում ու հարգանք վայելող, մարզի բնակիչների պատմելով՝ Հիպոկրատի երդմանը հավատարիմ, Արտաշատ քաղաքի բնակիչ, 27-ամյա Կարապետ Արայիկի Գրիգորյանը, ով աշխատում էր Արտաշատի շտապ օգնության հիվանդանոցում բաժնի վարիչ:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/14/46208/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], մարտի 14-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի Բերդիկ գյուղի վարչական տարածքում բախվել էին «Գազել» մակնիշի 15 US 247 համարանիշի և Ford Transit մակնիշի 339 UL 25 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Ford Transit-ը, որը հաշվառված է Արտաշատի հիվանդանոցի հաշվեկշռում, կողաշրջվել էր: Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայի մեջ գտնվող շտապօգնության բաժնի վարիչը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վթարի հետևանքով 5 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Օպերատիվորեն վթարի վայր էին ժամանել Արտաշատի հրշեջ փրկարարներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Սասուն Սարգսյանի, վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի վայր էր ժամանել նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էին քննիչներն ու ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում էր քննիչ Գրիգոր Ղազարյանը, ում կողմից հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Արտաշատի ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ շտապօգնության խումբը կանչով մեկնում էր Բերդիկ գյուղ, որտեղ տեղի էր ունեցել դժբախտ դեպք. 20-ամյա երիտասարդը ըստ նախնական տեղեկություններով՝ կախվելու միջոցով ինքնասպան էր եղել: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վթարի հետ կապված Արարատի մարզ էր ժամանել առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ «Գազել»-ը բարձված է եղել գարեջրով: Մահացածը Արտաշատ քաղաքի բնակիչ, 27-ամյա Կարապետ Արայիկի Գրիգորյանն էր, ով աշխատում էր Արտաշատի շտապօգնության հիվանդանոցում բաժնի վարիչ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+