211652_close_icon
views-count629 դիտում article-date 16:26 12-05-2015

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2015թ.-ի ապրիլ ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2015թ.-ի ապրիլ ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները: Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ապրիլ ամսվա ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականն զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը՝ Մալաթիա-Սեբաստիա, իսկ երրորդ տեղը՝ Ավան վարչական շրջանը: Ապրիլ ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով վերջին՝ տասներորդ, տասնմեկերորդ և տասներկուերորդ տեղերն էլ համապատասխանաբար զբաղեցրել են Նուբարաշեն, Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանները: Անդրադառնալով գնահատման ցուցանիշներին, որոնք ձևավորվել են շինարարության և բարեկարգման, կրթության, մշակույթի, բնապահպանության, կոմունալ տնտեսության, սեփական եկամուտների հավաքագրման ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում իրականացված աշխատանքների արդյունքում, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ վերոնշյալ բոլոր ոլորտներում առաջադրված խնդիրները լիարժեք լուծելու և գնահատման համակարգի համաձայն համապատասխան ցուցանիշներն ապահովելու համար անհրաժեշտ է համակարգված ու ամենօրյա աշխատանք: «Վարչական շրջանների գործառույթների գնահատման այս մոտեցումը լավագույնս արտացոլում է ձեր կողմից կատարած աշխատանքների արդյունավետությունը, համաձայն որի էլ 12 վարչական շրջանները զբաղեցնում են համապատասխան հորիզոնականներ: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների առջև այսօր խնդիրը հստակ է դրված: Ամենօրյա հետևողական աշխատանքի արդյունքում մենք պետք է ապահովենք համաչափ զարգացում քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում: Ըստ այդմ, բոլոր վարչական շրջանները պետք է ձգտեն մշտապես գրանցել բարձր ցուցանիշներ, ինչը կատարած աշխատանքի լավագույն գնահատականն է»,- ընդգծել է քաղաքապետը:

Նմանատիպ նյութեր