211652_close_icon
views-count628 դիտում article-date 15:50 12-05-2015

Տարոն Մարգարյանը հանդիպել է Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Սքոթ Թիրի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Սքոթ Թիրի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև համաշխարհային և տարածաշրջանային սկաուտական շարժման պատվիրակության անդամներ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետն առանձնակի կարևորել է երիտասարդության շրջանում կազմակերպության կողմից տարվող աշխատանքները` նկատելով, որ այն հնարավորություն է տալիս պատրաստել հայրենասեր, պատասխանատու և գիտակից սերունդ։ «Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումներին մենք մշտապես փորձում ենք ներգրավել հայաստանյան սկաուտական շարժման ներկայացուցիչներին, և պետք է նշեմ, որ նրանք մշտապես աչքի են ընկնում իրենց ակտիվ մասնակցությամբ ու կազմակերպչական ունակություններով: Կազմակերպությունը նաև Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի անդամ է և մշտապես ակտիվ մասնակցություն ունի համաքաղաքային նշանակության տարբեր ծրագրերին, ինչն, անշուշտ, ողջունելի է»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Սքոթ Թիրն իր հերթին, կարևորելով սկաուտական շարժման գործունեությունը, նշել է, որ Հայաստանն իսկապես ունի հմուտ ու հայրենասեր երիտասարդներ, և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի հետ ձևավորված ակտիվ համագործակցությունը` համոզմունք է հայտնել, որ այն էլ ավելի կսերտանա ու կընդլայնվի: Համաշխարհային սկաուտական շարժման կոմիտեի անդամ Բագրատ Եսայանն էլ, բարձր գնահատելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից Հայաստանի ազգային սկաուտական շարժմանը ցուցաբերած աջակցությունն ու մշտական ուշադրությունը, ընդգծել է, որ այն հնարավորություն է տալիս մայրաքաղաքի վարչական շրջաններում էլ ավելի ակտիվացնել սկաուտական շարժման գործունեությունն ու անմիջական մասնակցությունը համայնքային նշանակության ծրագրերին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակներում աջակցելու բոլոր այն նախաձեռնություններին, որոնք միտված են ապահովելու առողջ հասարակության կայացումը։

Նմանատիպ նյութեր