ԵՄ-ը զգուշացնում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կխստացնի
Եթե Ռուսաստանը ամբողջությամբ չկատարի մինսկյան համաձայնությունները, այն է՝ չդադարեցնի կրակը Դոնբասում և չվերադարձնի Ղրիմը Ուկրաինային, Եվրամիությունը ստիպված կլինի խստացնել պատժամիջոցները և վերանայել Ուկրաինային սպառազինություններ տրամադրելու հնարավորությունը:Այդ մասին նշված է բանաձևում, որը հաստատել է Եվրախորհրդարանի՝ արտաքին հարցերով հանձնաժողովը, հաղորդում է lenta.ru-ն:
Ուկրաինային Ղրիմի վերադարձնելը եվրապատգամավորները համարել են Ռուսաստանի և Եվրամիության միջև երկարատև համագործակցության կենսական կարևոր պայման:
Բացի այդ, բանաձևում նշված է, որ ԵՄ անդամ պետությունները պետք է ակտիվացնեն Սև ծովում և Ղրիմում Ռուսաստանի ռազմական ներկայության ֆոնին իրենց պաշտպանական հնարավորությունները: