211652_close_icon
views-count1332 դիտում article-date 11:01 06-05-2015

Կողոպուտի մեջ նկատված ամեն մի պաշտոնյա պետք է պատժվի անհապաղ ու անողորմաբար. ՀԱ

«Հայրենի տնտեսության վիճակը շարունակում է մնալ մտահոգիչ,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Այդ մասին է վկայում նաև նախօրեին հրապարակված առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը։ Նրանցից շատերի վճարումները բյուջե ավելի քիչ են, քան անցած տարի։ Տնտեսությունում տիրող նման իրավիճակի պատճառները շատ են, և հիմնականներից մեկը շարունակում է մնալ չինովնիկական ապարատի արատավոր գործունեությունը, որն արգելակում է երկրի զարգացումը։ Չինովնիկական ապարատը կարելի է համեմատել բանակի հետ, և այն պետք է համապատասխան պահվածք դրսևորի։ Իսկ նոր ժամանակների կանոնավոր բանակի սկզբունքային էությունը, որով էլ տարբերվում է Երեսնամյա պատերազմի վարձկանների հրոսակախմբից, այն է, որ բանակը բռնության գործիք է (հենց դրա համար էլ պահում են դա), բայց հրամանով բռնության։ Ըստ որում՝ բացառապես հրամանով։ Քանզի զինվորներին ոչ թե հրամանով, այլ սեփական կամքով բռնություն կիրառելու իրավունքի ընձեռումը նշանակում է, որ բանակը բարոյալքվել է այն աստիճանի, երբ առաջանում է ընդհանրապես որևէ հրամանի չենթարկվելու վտանգ։ Ինչո՞ւ են կանոնավոր բանակում գնդակահարում կողոպտիչներին։ Այդպես են վարվում, որպեսզի բանակը մնա բանակ, այսինքն՝ հրամաններն անառարկելիորեն կատարելու պատրաստ մարտական օրգանիզմ։ Քանի որ խաղաղ բնակչությանը թալանելու և բռնաբարելու հրամաններ ժամանակակից բանակներում չեն տրվում, ապա կողոպուտը ինքնակամ բռնություն է, որ գործադրվում է հակառակ կանոնադրության ու հրամանների։ Այսինքն՝ կողոպտիչի համար զինվորական երդումը պայմանական երևույթ է, կան ավելի հետաքրքիր բաներ։ Բայց թալանելն ու բռնաբարելը զինված մարդու համար ավելի ուրախ ու անվտանգ զբաղմունք է, քան մահացու վտանգով ուղեկցվող հրամանի կատարումը։ Ուստի եթե կողոպուտը մնում է անպատիժ, ապա տարածվում է տափաստանային հրդեհի արագությամբ, և բանակը վերածվում է խաժամուժի։ Այստեղից եզրահանգում. զինվորը կարող է ինչքան ասես դաժան լինել, եթե այդպիսին է հրամանը, բայց առանց հրամանի իրավունք չունի անգամ ճյուղ կոտրել։ Գանձագողությամբ զբաղվելու, կաշառք վերցնելու, բիզնեսը տանիքավորելու կամ թալանելու հրաման չինովնիկների հայրենի բանակին ոչ ոք չի տվել։ Եվ կողոպուտի մեջ նկատված ամեն մի պաշտոնյա պետք է պատժվի անհապաղ ու անողորմաբար։ Հակառակ դեպքում չինովնիկական բանակն անխուսափելիորեն կվերածվի կողոպուտի հաշվին ապրող խաժամուժի: Ցավոք, անհապաղ ու անողորմաբար պատժելու ցանկություն մեզանում առայժմ չի դիտարկվում։ Ավելին՝ չինովնիկների բանակ հաճախ անդամագրվում են բացառապես կողոպուտով զբաղվելու նպատակով» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր