211652_close_icon
views-count1795 դիտում article-date 17:53 05-05-2015

Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման հեռանկարները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել վերլուծական քննարկում՝ Հայաստանի էներգետիկ համակարգի վիճակի, մարտահրավերների և զարգացման հեռանկարների վերաբերյալ: ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը ներկայացրել է էներգետիկ ոլորտի համալիր ուսումնասիրության արդյունքները, որոնց հիման վրա մշակվելու է էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման նոր ռազմավարություն: Նշվել է, որ ուսումնասիրության հիմքում դրված են հետևյալ նպատակները՝ էներգակիրների հուսալի մատակարարում ներքին շուկայի սպառողներին հնարավորինս ցածր գներով, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի տնտեսապես հիմնավորված ներուժի իրացում, էներգախնայող տեխնոլոգիաների ներդրում, տարածաշրջանային համագործակցության ընդլայնում և այլն: Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում արծարծվել են քննարկվող փաստաթղթին վերաբերող մանրամասներ, ներկայացվել են մի շարք առաջարկություններ և դիտողություններ: Ընդգծվել է, որ ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման նոր ռազմավարությունը հնարավորություն կտա մեծացնել երկրի էներգետիկ անվտանգության մակարդակը, նվազեցնել կախվածությունն արտաքին էներգառեսուրսներից և բարձրացնել էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիությունը: Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը նշել է, որ կառավարության նպատակը երկրում երկարաժամկետ կտրվածքով կայուն և անվտանգ էներգետիկ համակարգ ապահովելն է: Հովիկ Աբրահամյանը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների շարունակական համագործակցությունը նոր ռազմավարության մշակման գործընթացում և հանձնարարել ներկայացված փաստաթուղթը լրամշակել հնչած առաջարկություններով:

Նմանատիպ նյութեր