211652_close_icon
views-count1356 դիտում article-date 20:58 02-05-2015

Հունաստանում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Ապրիլի 20-ին Աթենքի «Տեխնոխորոս» պատկերասրահում կայացել է «100 տարի անց…» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսը կազմակերպվել է Հունաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող 12 հայ նկարիչներ իրենց արվեստի միջոցով վիզուալ երկխոսություն են առաջարկում դիտողին` ընդդեմ Ցեղասպանության մոռացության վտանգի: Թեմատիկ առումով ցուցադրությունը բաղկացած է եղել երկու մասից: Առաջինում դիտորդն ականատես է եղել Ցեղասպանության զարհուրելի իրականությանը` իր հետևանքներով և փրկված մարդկանց ու հաջորդ սերունդների վերապրածով: Այնուհետև ներկայացվել է մերօրյա իրականությունը լավատեսական տեսանկյունից` մոխրից վերածնվելու և կյանքի շարունակման ուղերձով: Ցուցադրության առանցքում Հունաստանում հայտնի հայ նկարիչ Գագիկ Ալթունյանի երկու ստեղծագործություններ են` մեկ քանդակ և 15 մետր երկարությամբ կտավ: Վերջինս պատկերում է նկարչի տեղահանված ընտանիքի ճակատագիրն ու բացահայտում հայ ազգի բնաջնջման սարսափները: Ապրիլի 21-ին Աթենքի «Free Thinking Zone» գրադարանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաշխարհային ընթերցումներին: Հունաստանի ակադեմիայի անդամ և գրող Թանասիս Վալտինոսի, գրողներ Իոաննա Կարաձաֆերիի, Լենա Դիվանիի, Ամանդա Միխալոպուլուի և հրատարակիչ Էվա Կարաիտիդի կողմից ընթերցվել են հատվածներ Սարոյանի, Բալաքյանի, Միխալոպուլուի, Քուրդյանի` Հայոց ցեղասպանության թեմայով ստեղծագործություններից: Ընթերցումն ուղեկցվել է Յոտա Վեիի` ազգային երգերի կատարումներով: Միջոցառման շրջանակում դեսպան Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն ընթերցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը: Ապրիլի 22-ին ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեի և Երիտասարդական միության կազմակերպմամբ և Նեա Զմիրնիի քաղաքապետարանի հովանավորությամբ «Գալաքսիաս» մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Նեա Զմիրնիի մշակութային միության նախագահ, փոխքաղաքապես Վանգելիս Խաչատրյանի «Նահատակների հուշակոթողներ» խորագրով լուսանկարների ալբոմի ներկայացումը, որին հաջորդել է հունահայ անվանի երգիչ Սարո Դեմիրճյանի համերգը: Միջոցառմանը ներկա են գտնվել դեսպան Ղալաչյանը: Ապրիլի 22-ին «Հայաստան» հասարակական-մշակույթային կենտրոնում կայացել է Հունահայկական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, գրող-հրապարակախոս Հովսեփ Քասեսյանի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «10 դաս 1 ցեղասպանության մասին» դասախոսությունների շարքի հերթական` «Չնվաճված ժողովրդի պատմությունը» խորագրով դասախոսությունը: Ապրիլի 23-ին Աթենքի Կոկինիայի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության ուղիղ հեռարձակումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Արարողության ավարտին հնչել են հայկական և հունական եկեղեցիների զանգերը, հայկական բոլոր եկեղեցիների երգչախմբերի մասնակցությամբ կատարվել են «Սուրբ-սուրբ» և «Հայր մեր» հոգևոր երգերը: Բազմամարդ հանրությանը խոսքն է ուղղել և օրվա խորհուրդը մեկնաբանել Հունահայոց առաջնորդ, գերաշնորհ Խորեն արքեպիսկոպոս Տողրամաջյանը: Արարողությանը ներկա է եղել դեսպան Ղալաչյանը: Ապրիլի 24-ին Ատտիկայի մարզպետարանի նախաձեռնությամբ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Հունաստանի հանձնաժողովի կազմակերպմամբ Նեա Զմիրնիի «Էսթիա» կենտրոնի հրապարակում տեղակայված Հայոց ցեղասպանության զոհերի «Զանգակ» հուշակոթողի մոտ տեղի է ունեցել գոհաբանական աղոթք և դափնեպսակների զետեղում: Հունահայոց առաջնորդ, գերաշնորհ Խորեն արքեպիսկոպոս Տողրամաջյանի գլխավորությամբ` Հայ առաքելական, ավետարանական և կաթողիկե եկեղեցիները ներկայացնող հոգևոր հայրերը գոհաբանական աղոթք են կատարել` նվիրված սուրբ նահատակներին: Ելույթներով հանդես են եկել օրվա նախագահող Աննա Սևդայանը, դեսպան Գագիկ Ղալաչյանը, Նեա Զմիրնիի քաղաքապետը, Ատտիկայի մարզպետարանի ներկայացուցիչը: Հույն դերասան Դիմիտրիս Պետրոպուլոսը ասմունքել է Սիամանթոյի «Պարը» բանաստեղծությունը` հունահայ արվեստաբան, թարգմանիչ Հակոբ Ջելալյանի թարգմանությամբ: Հունաստանի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտների պատվո պահակախմբի ուղեկցությամբ տեղի է ունեցել դափնեպսակների զետեղում Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Ապրիլ ամսվա ընթացքում Հունաստանի Հայ Կապույտ Խաչի նախաձեռնությամբ հավաքվեց մոտ մեկ տոննա սնունդ, որն ապրիլի 24-ին փոխանցվեց Հույն ուղղափառ եկեղեցու «Ապոստոլի» բարեգործական միությանը` Աթենքի կարիքավոր ընտանիքներին տրամադրելու նպատակով: Սննդի տուփերի վրա զետեղվել էին Հայոց ցեղասպանության խորհրդանիշն ու կարգախոսը: Մայիսի 24-ին և հունիսի 14-ին Հունաստանի Հայ Կապույտ Խաչի նախաձեռնությամբ կկայանա արյունատվություն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:

Նմանատիպ նյութեր