1109 դիտում
11:47 23-03-2015
Լիբանանում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ
Մարտի 20-ին Լիբանանի «Notre Dame» համալսարանի ղեկավարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի համատեղ ջանքերով ու Լիբանանում ՀՀ դեսպանության աջակցությամբ կայացավ համաժողով` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Համաժողովին, որն ուղիղ եթերով հեռարձակվում էր լիբանանյան «OTV» հեռուստաալիքով, ներկա էին նախարարներ, խորհրդարանի պատգամավորներ, կրոնական առաջնորդներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, դիվանագետներ, մտավորականներ, լրագրողներ, ուսանողներ:
Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում համալսարանի դոկտոր Նատա Սաատ Սապերը նշեց, որ այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, ու չնայած պատմական անժխտելի փաստերին ու վկայություններին` Թուրքիան շարունակում է ուրանալ:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի ատենապետ Սեդա Խտըշյանը հակիրճ ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմությունը: Նա ընդգծեց, որ այս հանդիսությունը միայն նահատակների հիշատակի համար չէ, այլ հաղթանակի տոնախմբություն է, մեր ազգի ուժի ու ապրելու կամքի արտահայտություն: Բանախոսը, եզրափակելով իր խոսքը, նշեց, որ հայ ժողովուրդը պետք է շարունակի վերականգնել արդարությունն ու ճշմարտությունը` ստեղծագործելով և փոխանցելով իր հարուստ պատմությունն աշխարհին:
Համալսարանի փոխնախագահ Սուհել Մաթարն անդրադարձավ հայ ժողովրդի պատմությանն ու Հայոց ցեղասպանությանը` խոսելով Օսմանյան կայսրությունում իրականացված ջարդերի մասին և հիշատակելով երիտթուրքերի, ապա Աթաթուրքի վարած քաղաքականությունը: Դոկտոր Մաթարն իր ելույթը եզրափակեց հետևյալ խոսքերով. «100-րդ տարելիցը թող նոր դուռ բացի հայ ազգի համար՝ դեպի խաղաղություն և արդարություն»:
Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն իր խոսքում անդրադարձավ հայ ժողովրդի հարուստ մշակույթին ու պատմությանը, մի ժողովրդի, որը կրելով բազմաթիվ զրկանքներ և կորուստներ` միշտ պայքարել է հանուն լեզվի, կրոնի և արժեքների պահպանման: Դեսպանը ներկայացրեց մանրամասներ մեծ պատմական արժեք ներկայացնող հայկական խաչքարերի պատմության, ինչպես նաև հայ ժողովրդի պատմամշակութային արժեքների հանդեպ Օսմանյան կայսրությունում և Ադրբեջանի տարածքում իրականացված մշակութային ցեղասպանության փաստերի վերաբերյալ: Նա կարևորեց Համահայկական հռչակագրի ընդունումը, ինչը հայ ժողովրդի միասնության և համախմբվածության արդյունք է: Դեսպանն ընդգծեց, որ հայ ժողովուրդը, անցնելով վերածնվելու և ազատագրվելու հերոսական ու փառահեղ ուղին, նշում է կյանքի հաղթանակը մահվան հանդեպ: Եզրափակելով իր խոսքը` դեսպանը շեշտեց, որ հայ ժողովուրդը շարունակելու է պայքարը պատմական արդարության վերականգման, համաշխարհային ճանաչման, դատապարտման և Ցեղասպանության բոլոր հետևանքների վերացման ուղղությամբ:
Պաշտոնական ելույթներից հետո միջոցառման մասնակիցները համալսարանի բակում ներկա գտնվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի տեղադրման արարողությանը:
Բարերար, խաչքարի տեղադրման նախաձեռնող Սարգիս Բուդաքյանը, շեշտեց, որ հայրենիքի նկատմամբ սերն ու հավատարմությունն է, որ համախմբել է ձեռնարկի բոլոր մասնակիցներին: Նա նշեց, որ խաչքարը երախտագիտության հավաստիք է հայերի կողմից Լիբանանի ժողովուրդի նկատմամբ, որը գրկաբաց ընդունեց և ձեռք մեկնեց գաղթական հայորդիներին:
[img]/ups/images/0049316001427093671502902.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
2753 դիտում
16:39 21-07-2015
Լիբանանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել
1153 դիտում
13:55 26-04-2014
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիբանանում
1353 դիտում
20:58 02-05-2015
Հունաստանում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»