211652_close_icon
views-count850 դիտում article-date 10:45 23-04-2015

Առանց տնտեսապես ու քաղաքականապես ուժեղ Հայաստանի՝ ոչ մի փոխհատուցում ու պահանջատիրություն հնարավոր չէ. Առավոտ

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված. «Անկախ նրանից, թե այսօր և վաղը ո՞ր երկրի ղեկավարությունը կամ խորհրդարանը ի՞նչ է հայտարարելու, արդեն պարզ է, որ այն նպատակները, որոնք Հայաստան պետությունը, հայկական կազմակերպությունները և ընդհանրապես աշխարհի հայերը դրել էին Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված, իրագործված են՝ համամարդկյային, քաղաքակրթական արժեքներին նվիրված բոլոր ուժերը աշխարհում իրենց աջակցությունը հայտնեցին մեր երկրին և մեր ժողովրդին: Ինչպես օգտագործել մեզ տրված այդ առավելությունը՝ սա է խնդիրը: 100-ամյակը գուցե նաև առիթ լինի, որ մենք ինքներս մեզ հասկանանք ու գնահատենք ու դրա հիման վրա փոխենք մեր կյանքը Հայաստանում: Այսօրվա վիճակով եթե ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև ամբողջ երկրագունդը նվիրեն հայերին, միևնույն է՝ եթե մենք չենք կարող մեր կյանքը կազմակերպել հայրենիքում, այդ «հողերն» ունենալը ոչ մի իմաստ չի ունենա: Եվ ասելով՝ «մենք», ես տվյալ դեպքում նկատի ունեմ բոլոր մարդկանց, ովքեր իրենց հայ են համարում: Հողը պետք է ոչ միայն «պահանջել», այլև իմաստավորել, շենացնել, մշակել: Կարգախոսի մակարդակով մենք հասկանում ենք, որ առանց տնտեսապես ու քաղաքականապես ուժեղ Հայաստանի՝ ոչ մի փոխհատուցում և ոչ մի պահանջատիրություն հնարավոր չէ: Բայց պրակտիկ կյանքում մենք համախմբվում ենք միայն ապրիլի 24-ի հետ կապված, միայն այդ օրն ենք մենք մեզ զգում «մի թիմի խաղացողներ»: Իսկ մնացած օրերին մենք՝ հայաստանցիներս, իրար անհարկի բզբզում ենք, իսկ դրսում ապրող հայերի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ [այն,երկրի, որի զարգացումը, կրկնեմ, բոլորի համոզմամբ՝ մեր հաջողությունների գլխավոր գրավականն է] չափից դուրս վերացական է և կասեի նույնիսկ՝ վիրտուալ: Արդյունքում ստացվում է, որ ունենալով հսկայական ներուժ՝ այն «հողը», որը մենք ունենք, թողնում ենք անմշակ»,–գրում է թերթի խմբագիրը։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր